Հայաստանի Ազգային Ժողովում «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը բավական ուշագրավ զարգացում է ստացել:
«Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Ստեփան Սաֆարյանն ու Արծվիկ Մինասյանը հայտարարեցին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին, քանի որ այն լրջորեն հակասում է հայաստանյան օրենսդրությանը:
Սակայն ամենաուշագրավը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի արձագանքն էր: «Պարոն Աբրահամյան, հիմա ես չեմ հասկանում, հանուն կոալիցիոն համերաշխության պիտի կողմ քվեարկե՞նք ախմախությանը»,- հարցրեց նա:
Հարցը անակնկալի բերեց Հովիկ Աբրահամյանին, ով կարողացավ միայն առաջարկել, որ ընդունեն օրինագիծն առաջին ընթերցմամբ, ապա առաջարկներ ներկայացնեն: Կոալիցիան հենց այդպես էլ արեց: Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ 62 կողմ, 19 դեմ եւ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:




























