Եվրամիությունն օդային կամուրջ է ստեղծել՝ Գազա մարդասիրական պաշարներ հասցնելու համար։ Բելգիական Օստենդ օդանավակայանից դեպի Գազայի հատված է ուղարկվել ևս մեկ ինքնաթիռ՝ դեղամիջոցներով և սննդով, հայտնում է Euronews-ը

Եվրահանձնաժողովը Բելգիայի օդանավակայանից Գազայի հատված է ուղարկել ևս 45 տոննա դեղորայք և սնունդ։

Գազայի մոտ երկու միլիոն բնակիչների կարիքների միայն մի փոքր մասն է հասնում իր նպատակակետին: Թույլատրվում է սննդամթերք, ջուր և դեղորայք ուղարկել պաշարված հատված։

Սակայն Իսրայելի կառավարությունը պահպանում է այնտեղ վառելիքի մատակարարման խիստ արգելքը: Ինչպես ասում է ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը, սա սրում է առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը.

«Վառելիքն անհրաժեշտ է գեներատորների, հիվանդանոցների, ջրի պոմպերի, աղազերծման կայանների, փռերի շահագործման համար: Ոչ վերջին հերթին, վառելիքն օգնության աշխատողներին հնարավորություն է տալիս տեղաշարժվել և ապրանքներ հասցնել մարդկանց, ովքեր դրանց կարիքն ունեն:

Մի խոսքով, պատկերն այսպիսին է՝ մենք փորձում ենք բարելավել Գազայի մատակարարումը։ Մենք շարունակում ենք ճնշում գործադրել բոլոր կողմերի վրա՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, որոնք մենք անվանում ենք մարդասիրական պատուհաններ, դադարներ կամ հրադադարներ»։