Եվրահանձնաժողովը պաշտոնապես Կիևին է հանձնել զեկույց՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հանձնարարականով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովայից պաշտոնապես ստացա ԵՄ ընդլայնման փաթեթի շրջանակում Ուկրաինայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը։ Փաստաթուղթը խորհուրդ է տալիս սկսել բանակցություններ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ»,- գրել է Շմիգալը։

Նախկինում Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսել, իսկ բանակցային շրջանակի ընդունումը պայմանավորել էր Կիևի և Քիշնևի մի քանի պայմանների կատարմամբ։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության փաստացի ժամկետը կախված է բարեփոխումներից և «ըստ արժանիքների» անդամակցություն տալու սկզբունքից։