Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների  համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի ավարտից հետո Գազայի հատվածի ապագան պետք է որոշվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա մի սցենար, որով ՀԱՄԱՍ-ը ղեկավարի Գազայի հատվածը պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն թույլ չի տա նաև Իսրայելի կողմից անկլավը կրկին օկուպացնելու հնարավորությունը։

ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ, CNN-ի եթերում Քիրբին կրկնել է Բլինքենի խոսքերը՝ նշելով, որ ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է «ինչ-որ այլ բան լինի, քան եղել է ՀԱՄԱՍ-ի օրոք»։