Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու եւ առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով կստեղծվի մշտադիտարկման նոր, առավել կատարելագործված համակարգ: NEWS.am-ին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ,«Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համագործակցության» հուշագիրը ստորագրել են Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւ ՌԴ Մարդու բարեկեցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում դաշնային վերահսկողության ծառայության ղեկավար Գենադի Օնիշչենկոն` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի`Ռուսաստանի Դաշնություն պետական այցի շրջանակում   Նշենք, որ վարակիչ հիվանդությունները սպառնալիք են երկրագնդի բնակչության առողջության համար:

Այսուհետ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքներում վարակիչ հիվանդությունների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակումը կիրականացվի նոր հուշագրի կետերին համապատասխան: Գիտահետազոտական աշխատանքների հիման վրա կմշակվեն եւ կներդրվեն ախտորոշիչ եւ կանխարգելիչ նոր մեթոդներ: Նրանց փոխանցմամբ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի հզորացմանը եւ համապատասխան մասնագետների վերապատրաստմանը: Ըստ Հուշագրի` ապահովվելու է նաեւ ոլորտում միջազգային համագործակցության զարգացման շարունակականությունը: