ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Նյու Դելիում հանդիպել են Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարի և պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ՝  հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին նվիրված ամենամյա  «2+2  երկխոսության» շրջանակներում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հնդկաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետների և նախարարների միջև կայացած հանդիպման ընթացքում  հայտարարվել է առանցքային պաշտպանական գործարքների կնքման գործում  առաջընթացի մասին  և ընդգծվել  աշխարհաքաղաքական մարտահրավերների առջև իրենց աճող գործընկերությունն  ընդլայնելու անհրաժեշտությունը:

Երկու երկրները, որոնք բարդ  հարաբերություններ ունեին «սառը պատերազմի» տարիներին, այժմ աշխատում են կարևոր համաձայնագրերի վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հնդկական կործանիչների համար շարժիչների մատակարարման ու արտադրության վերաբերյալ։

Հնդկաստանի պաշտպանության նախարարության քարտուղար Գիրիդհար Արամանեն ասել է, որ ամերիկյան General Electric ընկերության օդատիեզերական ստորաբաժանման և հնդկական պետական ​​Hindustan Aeronautics-ի միջև գործարքը ընթանում է ըստ պլանի։

Հնդկաստանի համար General Atomics-ի արտադրության ավելի քան 3 միլիարդ դոլար արժողությամբ 31 զինված ԱԹՍ գնելու գործարքը   նույնպես հաստատվում է, մինչ Հնդկաստանն ընկերությունից  սպասում է ԱՄՆ կառավարության հավանությանը հաջորդ քայլերի համար, ասել է Արամանեն:

Ըստ հնդկական լրատվամիջոցների, Դելին շահագրգռված է  Պենտագոնի առաջարկով  Հնդկաստանում General Dynamic Land Systems-ի հետ համատեղ Stryker ընտանիքի ութանիվ զրահամեքենաների արտադրությամբ։

Մինչև բանակցությունների մեկնարկը, ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինն ասել է, որ այժմ ավելի քան երբևէ կարևոր է, որ աշխարհի երկու խոշորագույն դեմոկրատիաները կարծիքներ փոխանակեն և ընդհանուր նպատակներ գտնեն «հրատապ գլոբալ մարտահրավերների պայմաններում»:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները անշեղորեն ամրապնդվել են մի քանի ուղղություններում, սակայն Նյու Դելին խնամքով պահպանել է իր երկարամյա հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ի հիասթափություն Արևմուտքի:

Հնդկաստանը նաև սերտ ռազմավարական կապեր է պահպանում Իսրայելի հետ և ամուր դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերություններ Մերձավոր Արևելքի նավթ և գազ արդյունահանող երկրների հետ:

Նյու Դելին դատապարտել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը որպես «ահաբեկչական հարձակում»՝ միաժամանակ կրկնելով իր երկարամյա դիրքորոշումը Պաղեստինի անկախության վերաբերյալ:

Ուրբաթ օրը կայացած ամերիկա-հնդկական բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերը կոչ են արել «անհապաղ ազատ արձակել Գազայում մնացած բոլոր պատանդներին»:

«Նրանք աջակցություն են հայտնել հումանիտար դադարներին և պարտավորվել շարունակել սերտ դիվանագիտական ​​համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ հակամարտության տարածումը  կանխելու, Մերձավոր Արևելքում կայունությունը պահպանելու և   քաղաքական լուծման և կայուն խաղաղության հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։