Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան լուծարել է միապալատ խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել 2024 թվականի մարտի 10-ին։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է երեկոյան ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին վարչապետ Անտոնիո Կոշտայի հրաժարականից որոշ ժամանակ անց։
Դի Սոուզան խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացրել է խորհրդարանական կուսակցությունների և նախագահին առընթեր խորհրդատվական մարմնի՝ Պետական խորհրդի հետ խորհրդակցություններից հետո, հայտնում է DW-ն։ Նա ասել է, որ ցանկանում է «ավելի մեծ հստակություն» մտցնել և «եռանդուն ուղղություն» տալ կառավարությանը՝ ընտրությունների միջոցով «ձայնը ժողովրդին վերադարձնելով»:
Մինչև ընտրությունները Կոշտան կմնա Պորտուգալիայի վարչապետի պաշտոնակատար, ինչը թույլ կտա հաստատել 2024 թվականի պետական բյուջեն, որի քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
Նոյեմբերի 7-ին Անտոնիո Կոշտան, որը ստանձնել էր վարչապետի պաշտոնը 2015 թվականին, իր նստավայրում խուզարկություններից մի քանի ժամ անց հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել հանրապետության նախագահին։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ոստիկանները լայնածավալ խուզարկություններ են կատարել ոչ միայն Կոշտայի նստավայրում, այլ նաև ենթակառուցվածքի և շրջակա միջավայրի նախարարություններում, ինչպես նաև այլ շենքերում: Ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում՝ Կոշտայի վարչակազմի ղեկավարը, Սինիշի քաղաքապետը և մի քանի գործարարներ։





























