Reuters-ը և Associated Press-ը, ինչպես նաև CNN-ը և New York Times-ը հերքել են Իսրայելի կապի նախարար Շլոմո Քարհիի մեղադրանքները, որը հայտարարել էր, որ Գազայի արտահաստիքային լրագրողները, որոնք համագործակցում են արևմտյան լրատվամիջոցների հետ, կարող էին նախապես տեղյակ լինել  Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին:  

CNN-ին, Reuters-ին, NYT-ին և AP-ին ուղղված նամակում Քարհին պարզաբանումներ է պահանջել այն լուրերի վերաբերյալ, որ այդ պարբերականների  լրագրողները, իբր, եղել են ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ Իսրայել ներխուժման ժամանակ և ուղիղ եթերով հեռարձակել են տեղի ունեցողը, հաղորդում է BBC-ն:

Այս հաղորդագրությունները հայտնվել են HonestReporting նախագծի սոցիալական ցանցերում, որը, ինչպես ասվում է նկարագրության մեջ, զբաղվում  է «ԶԼՄ-ներում հակաիսրայելական կողմնակալության բացահայտմամբ»։

«Ես դիմում եմ ձեզ խորը մտահոգությամբ՝ կապված վերջերս Իսրայելի հարավում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին ձեր աշխատակիցների ենթադրյալ մասնակցության մասին լուրերի հետ», - ասված է նամակում: «Մենք տեղեկացել ենք, որ ձեր կազմակերպության որոշ անդամներ, այդ թվում՝ լուսանկարիչներ, նախապես տեղյակ են եղել այս սարսափելի գործողությունների մասին և հնարավոր է, կապ են ունեցել հանցագործների հետ»:

Վերոհիշյալ լրատվական կազմակերպությունները հերքել են այդ մեղադրանքները և ասել, որ նախապես տեղյակ չեն եղել մոտալուտ հարձակման մասին: AP-ն և CNN-ը հայտնել են, որ իրենք խզել են կապերը անկախ լուսանկարիչ Հասան Էսլայայի հետ այն բանից հետո, երբ պարզվել է, որ հարձակման պահին նա եղել է ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ:

«Ասոշիեյթեդ պրեսը տեղյակ չէր հոկտեմբերի 7-ի հարձակումների մասին նախքան դրանք տեղի ունենալը, - ասվում է ԶԼՄ-ների հետ կապերի տնօրեն Լորեն Իսթոնի հայտարարության մեջ:- Առաջին լուսանկարները, որոնք ստացել է AP-ը արտահաստիքային աշխատակցից, ցույց են տալիս, որ դրանք արվել են հարձակումը սկսվելուց ավելի քան մեկ ժամ անց: Հարձակման պահին AP-ի ոչ մի աշխատակից չի եղել սահմանին, և AP-ի ոչ մի աշխատակից չի հատել սահմանը»:

CNN-ի հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման օրը Էսլայան չի աշխատել հեռուստաալիքի համար. «Այսօրվանից մենք խզել ենք նրա հետ բոլոր կապերը»։

Reuters-ը ևս  հերքել է այն պնդումները, թե ինքը որևէ տեղեկություն է ունեցել Իսրայելի վրա հարձակման մասին:  «Reuters-ի հրապարակած լուսանկարներն արվել են Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծումից երկու ժամ անց և ավելի քան 45 րոպե անց այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ զինյալները հատել են սահմանը»:

The New York Times-ը հայտարարություն է տարածել մեկ այլ անկախ լուսանկարիչ Յուսեֆ Մասուդի դեմ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ, ում հիշատակել է HonestReporting-ը։

«Չնայած հարձակման օրը Յուսեֆը չի աշխատել «Թայմս»-ի համար, սակայն նա կարևոր աշխատանք է կատարել մեզ համար այդ ժամանակվանից, - ասվում է NYT-ում:- HonestReporting-ի ենթադրությունների համար որևէ ապացույց չկա: Նրա աշխատանքի մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նա արել է այն, ինչ միշտ անում են ֆոտոլրագրողները խոշոր լրատվական իրադարձությունների ժամանակ՝ փաստագրելով ողբերգությունը՝ դրա զարգացմանը զուգընթաց»։