Նորագույն ռազմավարական B-21 Raider ռմբակոծիչը Northrop Grumman-ից իրականացրել է իր առաջին փորձնական թռիչքը Միացյալ Նահանգներում, ուրբաթ՝ նոյեմբերի 10-ին, հաղորդել է Reuters-ը: Փորձարկումները տեղի են ունեցել Կալիֆորնիայում, որտեղ գտնվում է Northrop Grumman գործարանը։ Թռիչքը ֆիքսել են ականատեսները, որոնք տեսանյութը հրապարակել են սոցցանցերում:
Վեցերորդ սերնդի աշխարհում առաջին ռմբակոծիչը՝ B-21 Raider-ը, արտադրողի կարծիքով, կդառնա ամերիկյան ռազմական ավիացիայի ապագայի հիմքը։ Սա առաջին նոր ռմբակոծիչն է, որը ստեղծվել է ԱՄՆ-ում վերջին 30 տարվա ընթացքում, հայտարարել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դեկտեմբերին կայացած շնորհանդեսի ժամանակ, փոխանցում է DW-ն։
Ռմբակոծիչը ունակ է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք։ Այն կկարողանա «ներթափանցել թշնամու հակաօդային պաշտպանություն և հասնել թիրախներին աշխարհի ցանկացած կետում», պնդում է արտադրողը։
Պենտագոնը նախատեսում է գնել այդ ինքնաթիռներից առնվազն 100-ը և սկսել դրանցով աստիճանաբար փոխարինել B-1 և B-2 ռմբակոծիչները: Յուրաքանչյուր B-21 Raider կարժենա մոտ 750 միլիոն դոլար: Վերջնական արժեքը կախված կլինի նրանից, թե Պենտագոնը քանի ռմբակոծիչ կգնի:





























