2013 թվականի հունվարի մեկից Անշարժ գույքի կադաստրի համակարգը կաշխատի բոլորովին այլ սկզբունքնով: Նախ քաղաքացիների մուտքն ու կապը կադաստրի այսօրվա ստորաբաժանումների հետ կբացառվի: Փոխարենը հունվարի մեկից կգործեն նոր կառուցվածքային միավորներ, որոնք կոչվելու են սպասարկման գրասենյակներ եւ հասարակության սպասարկումը տեղի կունենա հենց այդ գրասենյակների միջոցով:
Այդ գրասենյակներում աշխատելու են հատուկ որակավորում ստացած մասնագետներ, որոնք քննություն են հանձնելու եւ հատուկ հանձնաժողովի կողմից ստանալու են որակավորման վկայական: Այս եւ ոլորտում ակնկալվող մյուս նորությունների մասին Գյումրիում մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչները:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանի խոսքով՝ փոփոխություններ են նախատեսվելու ոլորտում, փոխվելու է կադաստրային ստորաբաժանումների աշխատանքների տրամաբանությունը եւ այդ ամենը միտված է միայն մի նպատակի՝ վերացնելու է բյուրոկրատական քաշքշուկը, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը:
«Այսպես. նոր տարվանից, կադաստրային ստորաբաժանումները պարզապես քաղաքացիների հետ չեն աշխատի, այդ թվում նաեւ քարտեզագրման համար: Դրանք կիրականացնեն հատուկ որակավորում ունեցող մարդիկ, կամ իրավաբանական անձինք, կադաստրը որպես լրացուցիչ օղակ դուրս կգա ու քաղաքացին կաշխատի միայն քարտեզագրողի ու համայնքապետարանի հետ»,-ասել է Ֆելիքս Բաշոյանը:
Ըստ նրա՝ սա արվել է նրա համար, որ «գործ սարքելն էլ բացառվի»: Քարտեզագրող մասնագետն այլեւս կադաստրային ստորաբաժանման աշխատակից չի համարվում, ուստի եւ համաձայնության չեն կարող գալ մեկտեղ: Եթե համայքապետարանի հետ էլ աշխատի քարտեզագրողը, միեւնույն է վերջում նրա աշխատանքը գրանցում կամ չի գրանցում կադաստրայաին գրասենյակը:
Իսկ քաղաքացիները որակավորված մասնագետներին կարող են հանդիպել բոլորովին նոր մասնաշենքում, որտեղ աշխատելու են « մեկ պատուհանի սկզբունքով, գալիս են ցանկացած հարցով դիմում, հետո նորից նույն տեղից ստանում պատասխանը հնարավորություն ուենալով դիմումին կամ խնդրանքին հետեւել համակարգչի միջոցով: Քաղաքացու աշխատանքը համայնքի, ինչպես նաեւ կադաստրի վարչական մասի հետ կատարելու է քաղաքացու փոխարեն սպասարկման բաժինը»,-հանդիպման ընթացքում լրագրողներին ներկայացրել է Անշարժ գույքի կադաստրային ստորաբաժանման Գյումրիի գրասենյակի ղեկավար Արա Առաքելյանը:
Իսկ ովքեր են դառնալու որակավորված մասնագետներ եւ ինչպես: Նրանք որակավորման վկայականներ ձեռք են բերելու կադաստրի պետական կոմիտեից՝ համապատասխան հանձնաժողովի առաջ քննության թեստը հանձնելուց հետո: Որպես որակավորված մասնագետ կարող են դառնալ նրանք, ովքեր այսօր կադաստրում աշխատում են չափագրող եւ փոփոխություններից հետո դուրս կմնան աշխատանքից:




























