Ռուսաստանը եւ Հարավային Սուդանը պայմանավորվել են աֆրիկյան այդ երկրի բնական պաշարների երկրաբանական հետախուզության իրականացման եւ քարտեզագրման վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Մոսկվայում Հարավային Սուդանի դեսպան Չոլ Թոնգ Մայայ Ջանգը։

«Ստորագրվել է համաձայնագիր «Ռոսգեոլոգիայի» եւ մեր լեռնահանքային նախարարության միջեւ համագործակցության մասին։ Այն վերաբերում է մեր բնական պաշարների քարտեզագրմանը, ընկերությունն այդ առաջարկն ստացել էր մեր կառավարությունից։ Մենք ունենք բնական հսկայական պաշարներ, բայց մոտավոր պատկերացում դրանց քանակության մասին։ Մեր երկրում մինչ այժմ երբեք երկրաբանական հետախուզում չի իրականացվել»,- ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ նախագծի վերաբերյալ պայմանագրում նշված է, որ այն պետք է ավարտվի  երկու տարվա ընթացքում։ Դեսպանը նշել է, որ «Ռոսգեոլոգիան» աշխատել է Սուդանում, երբ այն դեռ երկու երկրի չէր բաժանվել։ «Այնպես որ,  նրանք որոշ պատկերացում ունեն Հարավային Սուդանի պաշարների մասին։ Ուստի, մեզ թվում է, որ այժմ հարմար ժամանակն է, որպեսզի «Ռոսգեոլոգիան» մեզ մոտ համապատասխան հետազոտություններ կատարի»,- ավելացրել է նա։