Մինչ Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ բողոքում են եւ պահանջում իրենց աշխատավարձեր բարձրացում, փորձենք ճշտել ատոմակայանի ֆինանսական վիճակի հետ կապված որոշ դետալներ: Շատերին կարող է զարմացնել նաեւ այն հանգամանքը, որ աշխատավարձերի խնդիրը լուծվում է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, այնինչ ատոմակայանը հավատարմագրային կառավարման է հանձնվել ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը:
Հայկական ատոմակայանում, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման, աշխատում են 1775 մարդ, այն մեծությամբ 10-րդ խոշոր գործատուն է հանրապետությունում: Ընդհանուր առմամբ` ՀԱԷԿ-ը 2011 թ. միայն առաջին կիսամյակում որպես հարկ պետությանը վճարել է 2 մլրդ դրամ, որը 12-րդ ցուցանիշն է:
ՀԱԷԿ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը հավատարմագրային կառավարման է հանձնվել 2003 թ.` բավական ծանր ֆինանսական վիճակում (պարտքեր միջուկային վառելիքի մատակարարումների դիմաց, աշխատավարձերի ուշացումներ, ներդրումային ծրագրերի ֆինանսավորման անկարողություն): Ռուսական կողմն իր վրա վերցրեց ատոմակայանի կորպորատիվ կառավարման պարտականությունները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի կառավարումը, կապիտալ ներդրումների ֆինանսավորումը, ֆինանսական հաշվառման ժամանակակից համակարգի ներդրումը:
Ռուսական կողմի հավատարմագրային կառավարման ընթացքում ՀԱԷԿ-ի ֆինանսական վիճակը որոշ չափով բարելավվեց` մարվեցին նախկինում մատակարարված միջուկային վառելիքի բոլոր պարտքերը, վառելիքի գնումը սկսվեց իրականացվել սեփական միջոցների հաշվին: Սակայն ներդրումների հարցում կարծես թե էական տեղաշարժ չեղավ: 2008 թ. հավատարմագրային կառավարման պայմանագիրը երկարաձգվեց եւս 5 տարով` մինչեւ 2013 թ.:
Այնուհետ ի հայտ եկան խնդիրներ: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության նախագահ Բորիս Կովալչուկը 2011 թ. հունիսի 24-ին հայտարարեց, որ նախատեսում է հայկական ատոմակայանի շահագործման վերաբերյալ մինչեւ ամռան վերջը նոր պայմանագիր կնքել: Դա պատճառաբանվեց նրանով, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ցանկանում է պայմանագրով ճշտել որոշ իրավական դետալներ: Բավական տարօրինակ պատճառաբանություն էր, եթե հաշվի առնենք, որ երկար տարիներ աշխատել են այդ նույն պայմանագրով, որի ավարտին դեռեւս 2 տարի կար:
Այդ հայտարարությունից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայկական լրատվամիջոցներին հայտարարեց, թե ՀԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման պայմանագրում որոշ փոփոխություններ կկատարվեն, որի արդյունքում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի լիազորությունները կպակասեն: Այսինքն` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը կօգնի միջուկային վառելիք ձեռքբերել, սակայն ատոմակայանի կառավարումը կիրականացնի Հայաստանը: Սա ըստ էության նշանակում է, որ ՀԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարումը նույնպես անցնում է Հայաստանին, թեեւ որպես հավատարմագրային կառավարիչ` դա հենց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի պարտավորությունն է:
Ու ահա հենց այս փոփոխություններից հետո ՀԱԷԿ-ոմ սկսվում է աշխատակիցների «ուլտիմատիվային շարժումը»:
Սակայն սրանով ՀԱԷԿ-ի խնդիրները «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ չեն ավարտվում: Խնդիրն այն է, որ ըստ ծրագրի` գործող ատոմակայանը շահագործումից պետք է հանվի 2016 թ., ու դեռ պարզ չէ` արդյոք «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը համաձա՞յն է 2013 թ. հետո երկարաձգել հավատարմագրային կառավարման պայմանագիրը, որն ըստ էության այդպիսին չի հանդիսանում: Ըստ տարբեր գնահատականների` Հայաստանին 100-150 մլն դոլար է հարկավոր ատոմակայանը շահագործումից հանելու համար, ու դեռ պարզ չէ, թե ո՞վ պետք է հատկացնի այդ գումարն ու ո՞վ պետք է տնօրինի այն:
Խնդիրների մյուս կծիկը կապված է ատոմակայանի շահույթների հետ: Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը իրավունք չունի արտադրած էլեկտրաէներգիան վաճառել իր ուզած սակագնով` այն հաստատվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Վերջինս էլ 2011 թ. փետրվարին որոշել է, որ ՀԱԷկ-ը էլեկտրաէներգիա պետք է մատակարարի 4.230 դրամ/կՎտժ սակագնով՝ առանց ավելացված արժեքի հարկի կամ 5.076 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Սա էներգետիկ կայանների մեջ ամենացածր արժեքներից մեկն է, դրանից էժան միայն Որոտանի կասկադի հէկ-երն են մատակարարում` 3.7 դրամ (առանց ԱԱՀ-ի): Այսպիսով` ինչ-որ առումով ՀԱԷԿ-ը ֆինանսական դոնոր է ողջ էներգահամակարգի համար, թեեւ միջուկային վառելիքը հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիա ստանալ էժան ինքնարժեքով: Համեմատության համար`Հրազդանի ՋԷԿ-ի սակագինը 24 դրամ է, Երեւանի ՋԷԿ-ինը` 6.7 դրամ (առանց ԱԱՀ-ի):
Հարկ է նշել, որ տարբեր երկրներում ատոմային էլեկտրաէներգիայի ինքնարժեքը տարբեր է, սակայն գործնականում չի իջնում 10 դրամ/կՎտժ մակարդակից: Այսինքն` ՀԱԷԿ-ի 4.2 դրամ սակագինը աշխարհում ամենացածրն է, որը չի կարող բարձր շահութաբերություն ապահովել կայանի համար: Ուստի այն հարցը, թե որքանով ատոմակայանը ունակ է բարձրացնելու իր աշխատակիցների աշխատավարձերը, սկսում է հենց այստեղից` հնարավոր է արդյո՞ք բարձրացնել ատոմակայանից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, որն էլ արդյունքում կարող է հանգեցնել ազգաբնակչությանը մատակարարվող սակագնի թանկացմանը:
Նշենք, որ ՀԱԷԿ-ը տարեկան արտադրում է մոտ 2.5 մլրդ կՎտ. Ժամ էլեկտրաէներգիա, այսինքն` ունի մոտ 10.5 մլրդ դրամի (28.3 մլն դոլար) տարեկան հասույթ:
Սամվել Ավագյան




























