Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ ՆԱՏՕ-ի ներկայիս և նախկին պաշտոնյաները, որոնք սկսել են քննարկել Ուկրաինայի՝ Ղրիմից և Դոնբասից հրաժարվելու դիմաց դաշինքին անդամակցելու պայմանները, պետք է հետևողական լինեն և սահմանափակվեն մեկ, Լվովի մարզի նկատմամբ հավակնություններով։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Telegram ալիքում։
«Եվրոպան եռում է։ Հարյուր հազարավոր մարդիկ փողոցներում բողոքում են Գազայում բռնություններին արևմուտքի ցինիկ աջակցության դեմ: Մերձավորարևելյան մեծ արյան քողի տակ ՆԱՏՕ-ի որոշ ներկա և նախկին պաշտոնյաներ զգուշորեն նոր գաղափարներ են նետում Ուկրաինայի վերաբերյալ: Իբր, պետք է այն ընդունենք դաշինքի մեջ, բայց առանց Ղրիմի և Դոնբասի: Ուստի, այդ տարածքներն իրենց հասկացողությամբ հաստատ այլևս Ուկրաինա չեն։ Վատ չէ, բայց կարևոր է առաջ գնալ: Պետք է խոստովանել, որ և Օդեսան, և Նիկոլաևը, և Կիևը և գործնականում մնացած ամեն ինչը ամենևին էլ Ուկրաինա չեն»,- գրել է Մեդվեդևը։
Նրա կարծիքով, դաշինքի նախկին և գործող ներկայացուցիչներին մնում է ընդամենը երեք քայլ անել՝ նախքան ակնհայտը ընդունելը. Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որը չի գնում ընտրությունների, «նախագահ չէ, այլ բռնապետ»․ ուկրաինական լեզուն՝ «լեզու չէ, այլ սուրժիկ»․ Ուկրաինան «երկիր չէ, այլ արհեստականորեն հավաքված տարածքներ»։ «Այդ դեպքում ի՞նչ ընդունել ՆԱՏՕ, կհարցնեք դուք: Դե, կարելի է ընդունել Լեմբերգ քաղաքն իր շրջակայքով (դեռևս Լվովի մարզը), եթե այնտեղ շատ պնդեն»,- գրել է Մեդվեդևը։
Նա նաև հեգնել է ՆԱՏՕ-ին՝ առաջարկելով «ձգտել ավելիին», էլ ավելի ընդլայնել դաշինքին անդամակցելու չափանիշները և այնտեղ հրավիրել Իսրայելին և Պաղեստինին՝ «հավերժական թշնամիներին դաշնակիցների վերածելով», նաև Աֆղանստանին: «Ի՞նչ է իզուր էին նատօ-ականներն այնտեղ նստել ամբողջ 20 տարի։ Ահա, այդ ժամանակ Մերձավոր Արևելքում կթագավորի անգլո-սաքսոնական ոճով լուսավոր ժողովրդավարությունը։ Եվ լիակատար երջանկություն կտիրի»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։





























