Ռուսաստանը նախատեսում է երկարատեւ պատերազմ Ուկրաինայում, նշել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսը։

Associated Press-ի  հարցազրույցում Ռինկեւիչսը նշել է, որ «կարեւոր է իսկապես պայքարել միջազգային խաղաղության եւ Եվրոպայում խաղաղության համար, որովհետեւ, եթե մենք կանգնեցնենք Ռուսաստանին Ուկրաինայում, այդ ժամանակ Ռուսաստանը չի կարողանա մարտահրավեր նետել այլ երկրների»։

Նրա խոսքով՝ չնայած ԵՄ որոշ անդամներ «իրենց կարծիքն» ունեն, ի վերջո, միությունը համաձայնել է պատժամիջոցներ դնել Ռուսաստանի վրա եւ լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

«Հետաքրքիր է, որ այս պահին ԵՄ-ն ավելի շատ է բաժանված, երբ խոսքը վերաբերում է Մերձավոր Արեւելքին եւ Ուկրաինային»,- ասել է նա։

Նրա կարծիքով՝ Արեւմուտքի համար կարեւոր է աջակցել Ուկրաինային եւ Իսրայելին «արժեքներին» եւ միջազգային կարգին ուղղված հարձակումների դեմ պայքարում։  Նա ընդգծել է Գազայում հումանիտար դադարի հասնելու անհրաժեշտությունը՝ պաղեստինցի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։

Ռինկեւիչսն ասել է, որ Իրանը «շատ ուրախ է տեսնել իրադարձությունների նման զարգացումը Մերձավոր Արեւելքում», եւ նշել է, որ Թեհրանը զենք է մատակարարում Ռուսաստան։

ՆԱՏՕ անվտանգության շահերից է բխում երկու դեպքերը միանման գնահատելը- ասել է նա։ «Ես հավատում եմ, որ մեզ համար ավելի հեշտ կլինի պահպանել խաղաղությունը Եվրոպայում, եթե Ուկրաինան հասնի հաջողության»։

Նրա կարծիքով՝ Արեւմուտքը պատասխանատվություն է կրում պատասխանելու նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչին մեծ քանակությամբ զենքի մասին, «որովհետեւ մենք այդքան զենք չենք տրամադրել, որքան պետք էր»։