Թերթը գրում է, որ  հոկտեմբերի 18-ի համարում անդրադարձել է Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներում տիրող անտերությանը: «Երկու գետնանցումում էլ պարբերաբար լույս չի լինում, անցորդները ստիպված են պատերից բռնած անցնել: Ներկայումս երկու գետնանցումից մեկում մի փոքրիկ լամպ է վառվում, իսկ մյուսը ոչ միայն զրկված է լուսավորությունից, այլեւ հրապարակման օրերին անցորդները ճյուղ-ճյուղ պոկել էին կախովի առաստաղը, մի մասը թափել գետնին, մյուս մասը` թողել կախված, ինչի պատճառով յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին վայր էր ընկնում:

Անցումներում այդ վիճակը պահպանվեց մինչեւ մեր անդրադարձը, որին քաղաքապետարանը յուրօրինակ ձեւով է արձագանքել. առաստաղը հանել է: Հիմա էլ կախված են մնում հոսանքի լարերը: Իսկ լամպ այդպես էլ չի տեղադրվել:

Երբ  փորձեցինք պարզել, թե աշխատանքներ տարվո՞ւմ են` անցումը տեսքի բերելու համար: Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունում ասացին, որ զանգահարենք հասարակայնության հետ կապերի վարչություն` կարծես  քաղաքաշինությամբ այդ բաժինն է զբաղվում: Ինչեւէ, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ ասաց, թե տեղյակ չէ եւ չի օգտվում այդ անցումից, իսկ անցումի այդ վիճակի համար մեղավոր է միմիայն ժողովուրդը. «Ժողովուրդն է էլի, ինչ ասես` անում է»: