Հայ առաքելական եկեղեցուն հողի հարկի եւ գույքահարկի արտոնություններ տալու վերաբերյալ օրինագիծը խորհրդարանում բուռն քննարկումների առիթ է դարձել, ինչին անդրադառնում է «Հայացք» թերթը:

«Մայր Աթոռն արդեն ուղարկել էր հուշարձանների եւ սուբյեկտների ցանկը, որոնց վերաբերելու է արտոնությունը: Ըստ այդմ` նշվել է 459 հուշարձան, որոնք պետք է հանձնվեն եկեղեցուն: Նաեւ ներկայացվել է 286 կառույցի ցանկ:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին զարմացրել էր Մայր Աթոռից ստացված ցանկում ընդգրկված կառույցների տեսակը: Նշենք, որ ցուցակում, մասնավորապես, խոսվում է հետեւյալ թվով սուբյեկտների մասին` հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան` 2 եւ այլն: «Ինչո՞վ է ֆուտբոլի դաշտին տրվելիք հարկային այդ արտոնությունը նպաստելու հոգեւոր այն խնդիրներին, որոնք լուծելու է Մայր Աթոռը»,- հետաքրքվել է Ն. Զոհրաբյանը:

Նշվել է նաեւ, որ կառավարությունը պետք է հստակ կողմնորոշվի, թե, օրինակ, մոմի արտադրության արտադրամասում արտադրվում են միայն ծիսակա՞ն արարողությունների համար մոմեր, թե՞ դեկորատիվ մոմեր նաեւ հարսանյաց հանդեսների համար, որոնք կոմերցիոն նպատակով կարող են վաճառվել: