Սպիտակ քաղաքում, հոկտեմբերի 24-ի երեկոյան, ոստիկանները Ս. Ավետիսյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող տան հետնամասի դաշտում գտնվող չբնակեցված վագոն-տնակում թմրանյութ են գտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տնակից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 լ տարողությամբ տարա` կիսով չափ լցված դեղնավուն հեղուկով, «կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, 250 գ տարողությամբ տարայով բժշկական սպիրտ, 10 մլ տարողությամբ 6 ներարկիչ եւ 15 մլ տարողությամբ 4 ներարկիչ, շագանակադարչնագույն նյութով ներծծված բամբակե խծուծներ, կաթսա եւ բաժակ:
Պարզվել է, որ տնակում գտնվող 46-ամյա Արմեն Հ.-ն անձամբ օգտագործելու նպատակով, նշված տնակում «Կաֆետին» տեսակի դեղահաբերից պատրաստել է թմրամիջոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Արմեն Հ.-ի նկատմամբ նշանակվել է տոքսիկաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


























