ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է 4 ամիս առաջ նախաձեռնված վարույթով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախոյանի փաստաբան Գոռ Վարդանյանը։

«2023 թվականի հունիսի 8-ին «Արագած Ախոյան» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արվել, դրանից հետո հուլիսի 31-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Անցել է որոշակի ժամկետ, 2023-ի հոկտեմբերի 10-ին Ախոյանին վկա-կասկածյալ կարգավիճակով հրավիրել են հարցաքննության, նա ցուցմունք չի տվել, մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին նրան ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար եւ տարել դատարան՝ կալանք կիրառելու համար, դատարանը մասնակի բավարարել է եւ մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ախոյանը նախաքննության ընթացքում դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք չի տվել»,- ասաց Գոռ Վարդանյանը։

Փաստաբանը պատմեց, որ վարույթի վերաբերյալ կան մի շարք հարցեր, որոնց առնչությամբ սպառիչ պատասխաններ վարույթն իրականացնող մարմինը չի տվել․ «Մենք դատարանում բարձրացրել ենք մի շարք հարցեր, օրինակ՝ ինչո՞ւ որոշվեց հենց նոյեմբերի 6-ին ձերբակալել ու կալանավորել, վարույթում միայն հղում է արվել եւ «սքրինշոթ» արվել, թե Արագած Ախոյանն է հենց գրել, արդյո՞ք տեղեկատվություն կա, որ հիշյալ ֆեյսբուքյան էջը շահագործել է իմ պաշտպանյալը, ունե՞նք IP հասցե․ որեւէ հարցի որեւէ սպառիչ պատասխան չի տրվել։ Գործով տուժող չկա, հարց եմ ուղղել՝ արդյո՞ք հունիսի 8-ից մինչեւ նոյեմբերի 6-ը որեւէ անձ տուժել, բռնության ենթարկվել է, կրկին վարույթով չկան նման ապացույցներ»։

Վարդանյանն ասաց, որ դատարանը որպես կալանավորման հիմք է ընդունել այն, որ հիմնավոր կասկածի շեմ հաղթահարված է։

Ախոյանի փաստաբանը դատարանի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ում է մակագրվել այն։