Մեր երկրում դատական համակարգ գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ակտիվիստ Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով, դատական համակարգում մնացել է 3-4 դատավոր, որոնք ՔՊ-ականների ցուցումները չեն կատարում։
«Այդ մարդկանց ոչ մի գործ չի մակագրվում։ Մյուս բոլոր դատավորներն ընդունել են իրենց կրոնը, չգիտեմ, ինչ է կրոնի անունը և կատարում են պատվերներ։ Չունենք, չկա դատական համակարգ, շուտով չենք ունենա պետություն։ Հավատացեք՝ անգամ Ռոբերտ Քոչարյանի օրոք այսպես չի եղել: Բնական է, որ Նարեկ Մալյանի նման տղեքը նման պետությունում լինելու են անազատության մեջ»,-ասաց Աթանեսյանը։
Փաստաբանն ասաց՝ բողոքարկելու են դատավորի որոշումը, չնայած իրատես է, ակնկալիքներ չունի. «Բոլոր գործիքներն օգտագործելու ենք, ես դրանց արդյունավետությանը չեմ հավատում, շատ իրաես եմ ես, բայց պետք է բացառել, որ չասեն, այ եթե դուք անեիք, ըսենց կլիներ, ընենց կլիներ... Ամեն քայլի պետք է ցույց տալ մարդկան իսկական երեսը։ Դորիան Գրեյի պատմությունը պետք է այս իշխանության հետ կատարվի։ Իրենք պետք է իրենց երեսը տեսնեն ու վերանան»,-ասաց Աթանեսյանը։





























