Մամուլում հնչեղություն ստացած Ֆաթիմա Զուրաբովայի գործով Կանանց աջակցման կենտրոնը պարզաբանում է, որ վերը նշված անձին թեժ գծի միջոցով տրվել է խորհրդատվություն, մանրամասն բացատրվել է անվտանգության լավագույն տարբերակը, այն է՝ դիմել Միգրացիոն ծառայություն՝ համապատասխան կարգավիճակ ստանալու գործընթաց սկսելու նպատակով, ինչը նրան հնարավորություն կտար պատշպանված լինելու:
Կանանց աջակցման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Այլ անձանց ուղղորդմամբ, նրա համար վարձակալվել է բնակարան, և աղջիկն այլևս մեզ հետ կապ չի հաստատել:
Այնուհետ տեղեկացել ենք, որ ոստիկանության կողմից որպես անհետ կորած հետախուզվող Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ Հայաստանում առկա չէ պետական ապաստարան: Գործում է երկու ապաստարան՝ Կանանց աջակցման կենտրոնի ներքո, ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար, որը որոշակի ֆինանսական աջակցություն է ստանում պետության կողմից: Ընտանեկան բռնության ենթարկված կանայք անվտանգության բարձր ռիսկի դեպքում ուղղորդվում են ապաստարաններ՝ իրենց գրավոր կամարտահայտությամբ:
Տեղեկացնում ենք նաև, որ Կանանց աջակցման կենտրոնը աջակցության ծառայություններ է տրամադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին, առանց որևէ խտրականության: 2023թ.-ի հոկտեմբերի դրությամբ Կանանց աջակցման կենտրոնը ապաստարան է տրամադրել 234 կանանց և նրանց երեխաներին, իսկ 2020-2023 թթ. ընթացքում 26 օտարերկրյա քաղաքացի ստացել է աջակցություն, այդ թվում օգտվել է ապաստարանի ծառայությունից, որոշ դեպքերում առանց ոստիկանության կողմից ուղղորդման: Մեր բոլոր ծառայությունները գաղտնի են, անանուն և ապահով:
Հորդորում ենք չշահարկել ընտանեկան բռնության թեման և խուսափել անհարկի աղմուկից:
Յուրաքանչյուր անձ, որը ենթարկվում է ընտանեկան բռնության, կարող է 24 ժամ զանգահարել Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծ՝ 099887808, կամ ոստիկանությայն 1-02 հեռախոսահամարին:
Նշենք, որ «Մարեմ» իրավապաշտպան կազմակերպությունը, որն աջակցել է երիտասարդ աղջկան, ավելի վաղ հայտարարել էր, որ աղջիկը ձերբակալվել է Հայաստանի ոստիկանության կողմից ու մի քանի ժամ պահվել բաժանմունքում՝ առանց փաստաբանի և որևէ կարգավիճակի։ Աղջկա հետևից Հայաստան են եկել հարազատները, մասնավորապես հորեղբայրը և հենց ոստիկանության բաժնում սպառնալիքներ հնչեցրել աղջկա, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին։
Ըստ տեղեկության` աղջկա հորեղբայրը Ինգուշեթիայի տնտեսական զարգացման նախկին նախարարն է եղել, ՌԴ իշխող կուսակցության պատգամավոր։
Ֆաթիման ոստիկանության շենքից «Մարեմ» կանանց աջակցման կենտրոնի իրավապաշտպաններին ձայնագրություն է ուղարկել. «Սկզբից իր ընկերոջ հետ ինձ փակեցին մի սենյակում, հետո ընկերը դուրս եկավ ու հողեբայրս մնաց։ Երբ ասացի, որ փաստաբանիս եմ սպասում և իր հետ խոսել չեմ ուզում, ասաց՝ կպոկեմ նրա ականջներն ու ոտքերը, որ ինձ օգնության չհասնի»։
Հորեղբայրն էլ իրավապաշտպանների հետ զրույցում չի թաքցրել, որ ազդեցիկ կապեր ունի Հայաստանում, որոնց օգնությամբ էլ մտադիր է հարցը լուծել:
«Կովկասում 21 տարեկան երեխան ի՞նչ կարող է որոշել։ Հիմա ոստիկանության սենյակում եմ՝ Հայաստանում, ես Ինգուշեթիայում չեմ։ Կոմֆորտային չէ վիճակս, բայց այն կապերը, որոնց դիմել եմ, ինձ թույլ են տվել նստել քննչական մասի ղեկավարի սենյակում, որտեղից էլ խոսում եմ ձեզ հետ», - նշել է հորեղբայրը։
Նշենք, որ տեղեկության Ինգուշեթիայի բնակչուհի 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան Հայաստան էր փախել հարազատներից ընտանեկան բռնության պատճառով։ Նա նոյեմբերի 8-ին էր ժամանել Հայաստան, 10-ին ընտանիքը հաղորդում էր ներկայացրել նրա անհետացման մասին։ Երիտասարդ աղջկան ոսիկանությունը գտել էր Աշտարակում և բերման ենթարկել։
Ֆաթիման տեսանյութ էր տարածել՝ նշելով, նոյեմբերի 8-ին հեռացել է տնից, որովհետև հոգնել էր իր ընտանիքի կողմից շարունակվող ծեծից, վիրավորանքներից ու նվաստացումներից։ «Ինձ հետ տանից որևէ թանկարժեք բան չեմ վերցրել։ Խնդրում եմ, ինձ մի փնտրեք և հետախուզում մի հայտարարեք, ինձ հետ ամեն բան լավ է»,-ասել էր նա։
Աղջիկը փորձել է հայաստանցի ոստիկաններին բացատրել՝ փախել է ընտանեկան բռնություններից, եթե վերադառնա, իրեն կսպանեն. - «Հորեղբայրս ընկեր ունի Հայաստանի ոստիկանությունում, անունը Սերգեյ է և կարծում եմ, որ հենց իր միջոցով են իմ մասին ամեն ինչ իմացել։ Եթե ես վերադառնամ, վստահ եմ, վերջս վատ կլինի, ինձ կվնասեն՝ կա՛մ կծեծեն, կա՛մ կսպանեն»:
Հորեղբորից հետո ոստիկանական բաժանմունք է եկել նաև 21-ամյա աղջկա մայրը, սպառնացել, որ եթե տուն չվերադառնա, նրա դեմ գործ կհարուցեն՝ գողության մեղադրանքով։



























