Թուրքիայում, հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժից հետո, Հայաստանի կողմից օգնության առաջարկը ճիշտ քայլ էր: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Դա շատ բնական եւ ճիշտ քայլ էր օգնության առաջարկումը»,- նշել է նա, իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանի Թուրքիայի կողմից այդ օգնության մերժումը, նա պատասխանել է. «Թող դա մնա մերժողների խղճին»:
Նշենք, որ երկրաշարժից հետո Հայաստանի նախագահը օգնություն էր առաջարկել Թուրքիայի իշխանություններին եւ հայտնել, որ հայ փրկարարները պատրաստ են ցանկացած պահի մեկնել Թուրքիա եւ օգնություն ցուցաբերել:
Նշենք, որ Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորվածների թիվը՝1301-ի։ Փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարը։ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։
Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում 3-ից 5 բալլ հզորությամբ:



























