Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար, «Յունիքորն գրուպ» ընկերության սեփականատեր Գուրգեն Արսենյանը որոշել է բոյկոտել Երեւանի քաղաքապետարանին եւ այլեւս մայրաքաղաքում գովազդային վահանակներ չի տեղադրելու: Հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը Արսենյանը հայտնել է, որ «լինելով ընկերության սեփականատեր, իր արժանապատվությունից ցածր է աշխատել նման իշխանության հետ, ովքեր իրենց պատկերացնում են Երեւանի նաչալնիկներ»:

Երեւանի քաղաքապետարանը ապամոնտաժել էր Արսենյանի ընկերությանը պատկանող մեկ տասնյակից ավելի գովազդային վահանակները, եւ Արսենյանը ինչպես նաեւ մեկ այլ ընկերություն «Նշիկյան ասոցիացիան» գործարարը դատական հայց են ներկայացրել: «Եթե քաղաքապետարանն իր գործողությունները համաձայնեցներ երկու ընկերությունների հետ, այլ կերպ հարցը կլուծվեր: Մենք կողմ ենք քաղաքի էսթետիկական տեսքը բարելավելուն: Արդյունքում անհայտ կազմակերպություն, անհայտ մարդիկ բարբարոսաբար ոչնչացրին մեր գույքը պատճառելով նյութական վնաս` մոտ 110 հազար դոլարի չափով»,- նշել է Արսենյանը:

Վերջինս որեւէ առարկություն չունի Երեւանի էսթետիկական տեսքը պահպանելու Երեւանի քաղաքապետարանի ցանկության դեմ։ «Իմ առարկությունը կապված է քաղաքապետարանի ընտրած մեթոդների եւ գործիքների ընտրության դեմ»,- նկատել է նա:

Ի դեպ, թեեւ երկու ընկերություններին հասցվել է ընդհանուր առմամբ մոտ 300 հազար դոլարի վնաս, նրանք դատական հայցով պահանջում են Երեւանի քաղաքապետարանից հազարական դրամ: