ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ցանկացած ձեւաչափի մանդատ արդյունավետ գործիք կարող է ծառայել այդ մանդատը ստանձնած երկրի համար, քանի որ այն միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերում լրացուցիչ գերակա ձայն է ընձեռում տվյալ երկրին: Այս մասին նշված է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ, որն անդրադառնում է հոկտեմբերի 24-ին` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում տեղի ունեցած քվեարկությանը, որտեղ Ադրբեջանը 155 քվեով ընտրվեց ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ 2 տարվա մանդատով:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է.
«Ճիշտ է` ՄԱԿ-ի ոչ մի մարմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործառույթով օժտված չէ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է միայն իրավասու միջամտել կարգավորման գործընթացին, եւ միջնորդության համընդհանուր ընդունելի այս ձեւաչափի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց վերջերս ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի իր ելույթում:
Այդուամենայնիվ, ՄԱԿ-ի ԱԽ կազմում ընտրվելը նոր հնարավորություն եւ նոր որակի ամբիոն կտար Հայաստանին միջազգային անվտանգության ըմբռնման Արցախի պատկերացումը վերպետական հանրությանը ներկայացնելու համար: Այն նաեւ կխթաներ Հայաստանի միջազգային հեղինակությունը:
Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հոդված 23-ի, ԳԱ ԱԽ ոչ մշտական անդամն ընտրվում է` հաշվի առնելով տվյալ երկրի միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանը եւ ՄԱԿ-ի այլ նպատակներին ուղղված մասնակցության հանգամանքը:
Նոնսենս է, որ արմենաֆոբիան պետական քարոզչություն դարձրած, ակնհայտ ռասիզմով ուղղորդվող եւ 9 տարվա ընթացքում շուրջ 500 %-ով ռազմական բյուջեն ավելացրած Ադրբեջանն ապահովում է միջազգային խաղաղություն եւ անվտանգություն:
Փաստը նաեւ ցույց է տալիս ՄԱԿ-ի ներկա ընդհանուր քաղաքականության ձեւախախտման մասին, երբ ՄԱԿ-ի հիմնական մարմինների վարքագիծը չի բխում ՄԱԿ-ի որդեգրած առաքելության համընդհանուր քաղաքականությունից:
Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությունը` ի դեմս Բան Կի-Մունի, կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծից դիպուկահարների հեռացման եւ սադրիչ գործողություններից խուսափելու պահանջներով, որոնք, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի բավարարում` ընդհակառակը, շարունակելով զինադադարի խախտման դեպքերը դիպուկահարների տարերային կիրառմամբ:
Սրանից հետո նույն ՄԱԿ-ի մյուս մարմնում` Գլխավոր ասամբլեայում, քվեարկվում է Ադրբեջանի թեկնածությունը ՄԱԿ-ի մյուս մարմնի` Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու նպատակով:
Վերը նշված հանգամանքները, որոնք կատարյալ նոնսենսներ են, վկայում են ՄԱԿ-ի ԱԽ-ի` որպես միջազգային անվտանգության եւ խաղաղության ապահովման համար ստեղծված մարմնի հեղինակազրկման ու միեւնույն ժամանակ կազմակերպության կառուցվածքային ու կանոնադրական վերափոխումների հրատապության մասին»:




























