Բուխարեստում, հոկտեմբերի 24-ին, քաղաքի կենտրոնական գրախանութներից մեկում ներկայացվել է կինոքննադատ եւ բանաստեղծուհի Ելենա Դուլգերուի «Դրախտի աստիճանները կինոյում. Կուստուրիցա, Տարկովսկի եւ Փարաջանով» գիրքը (Elena Dulgheru, Scara Raiului in cinema. Kusturica, Tarkovski, Paradjanov), ինչպես նաեւ բանաստեղծությունների վերջին ժողովածուն:

Միջոցառմանը ներկա են եղել կինո եւ գրաքննադատներ, կինոգործիչներ, արվեստագետներ, մշակութային մամուլի լրագրողներ, ինչպես նաեւ Բուխարեստի հայ եւ ռուս համայնքների ներկայացուցիչներ:

Հեղինակին ուղղված շնորհավորական խոսքով եւ 20-րդ դարավերջի համաշխարհային կինոյի ու մտքի վրա խոր հետք թողած այդ խոշոր անհատների գնահատումով երեկոն բացել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, որին հետեւել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Պալիանիի խոսքը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ հայտնի կինոքննադատ, դոկտոր պրեֆեսոր Մանուելա Չեռնատը (Manuela Cernat) եւ բանաստեղծուհի Լիլիանա Ուրսուն (Liliana Ursu), որոնք հեղինակել էին Դուլգերուի զույգ գործերի նախաբանները: