Հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախաձեռնող Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Anadolu-ն։

Թուրքական դատախազությունը նրա համար  7,5-ից 12 տարվա ազատազրկում է պահանջել «առանց անդամ լինելու, զինված ահաբեկչական կազմակերպության անունից հանցանք կատարելու» մեղադրանքով։

Ավելի վաղ Սամասթը  պայմանական վաղաժամկետ կարգով ազատ էր արձակվել։

Հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր 52-ամյա Դինքը 2007 թվականի հունվարի 19-ին գնդակահարվել էր Ստամբուլի կենտրոնում գտնվող թերթի խմբագրության շենքի  մոտ։17-ամյա Սամասթը ձերբակալվել էր հաջորդ օրը։

16 տարի 10 ամիս պատիժ կրելուց հետո Սամասթը ազատ է արձակվել Թուրքիայի արևմտյան Բոլու նահանգի F տիպի բանտից։

Հունիսին Թուրքիայի Գերագույն վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց որոշ արդարացման դատավճիռներ, միաժամանակ փոխելով Դինքի սպանության գործով 76 մեղադրյալների՝ հիմնականում պետական ​​պաշտոնյաների, դատավճիռները։

Ստամբուլի 14-րդ բարձր քրեական դատարանի կողմից 2021 թվականի մարտի 26-ին կայացված դատավճիռը ներառում էր 33 արդարացման և 27 մեղադրական դատավճիռ։

Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի նախկին տնօրեն Էնգին Դինչը. Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշատ Ալթայը և Ստամբուլի հետախուզական վարչության  նախկին տնօրեն Ահմեդ Իլհան Գյուլերը  արդարացվել են «անզգուշորեն սպանության» մեղադրանքով։

Նախկին ոստիկանապետեր Ռամազան Աքյուրեքը և Ալի Ֆուաթ Յըլմազերը դատապարտվել են ցմահ ազատազրկման «կանխամտածված սպանության» համար, իսկ չորս մեղադրյալներ, այդ թվում՝ ժանդարմերիայի նախկին աշխատակիցներ  Մուհարեմ Դեմիրքալեն և Յավուզ Կարակայան, նույնպես ցմահ ազատազրկման են դատապարտվել։

Սամասթը խոստովանել է սպանությունը  և 2011 թվականին դատապարտվել  գրեթե 23 տարվա ազատազրկման։