Հայաստանում պետք է սահմանվեն տուրիստական ծառայությունների տրամադրման նոր չափորոշիչներ։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Տուրիզմի մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցման գործունեությունը պետք է ենթարկվի ծանուցման՝ դրանց մատուցման պայմանների ճշտման եւ որակի վերահսկման մեխանիզմների ներդրման նպատակով։ «Կսահմանվեն կոնկրետ չափորոշիչների պահանջներ նրանց համար, ովքեր նման ծառայություններ են մատուցում։ Կհաստատվի գերատեսչությունների շրջանակը, որոնք պետք է ապահովեն կարգավորումը տուրիզմի ոլորտում, ինչպես նաեւ կառավարության եւ լիազորված պետական մարմինների լիազորություններն ու գործողությունները»,- նշել է Քերոբյանը։ Իշխանությունները կներդնեն նաեւ  տուրծառայությունների, ինչպես նաեւ տուրիստական ռեսուրսների գրանցման էլեկտրոնային ռեեստրներ։

Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով կսահմանվեն որոշակի պահանջներ՝ պայմանագրի կնքում, ֆինանսական երաշխիքների պահանջ եւ այլն։ Չափորոշիչների բարելավման նպատակով կներդրվեն համապատասխան միջազգային չափանիշներ եւ մեխանիզմներ։ Կներդրվի նաեւ ավտոբուսային շրջագայություններով զբաղվող կազմակերպությունների որակավորման համակարգ։ Կստեղծվեն առանձին կայարաններ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն ավտոտրանսպորտով կատարվող տուրիստական փոխադրումներով։

Քերոբյանը նշել է, որ այս օրենսդրական նախաձեռնությունը նպատակ չունի Հայաստանը վերածել տուրիստական երկրի։ Խոսքը միայն տրամադրվող ծառայությունների որակը բարձրացնելու մասին է։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024թ. հունիսի 30-ին։ Որոշ կարգավորումներ ուժի մեջ կմտնեն միայն 2025թ. հունիսի 30-ից։

Բավական երկար քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։