Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքի պատճառով, որը սահմանվել է ձնահոսքի վտանգի պատճառով, Վերին Լարս անցակետում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք պետք է մտնեն Ռուսաստան։ Այս մասին նոյեմբերի 20-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի ուղղությամբ ևս մոտ 150 հայկական մեքենա է կուտակվել։ Հակոբյանը տեղեկացրեց, որ շարունակվող առատ ձյան պատճառով այսօր ճանապարհի փակ հատվածը չի բացվելու։
«Սպասվում է, որ վաղը առավոտյան տեղումները կարող են դադարել։ Եթե ձնահյուսի վտանգ չլինի, առավոտից ձնամաքրման աշխատանքները կսկսվեն արգելափակված ճանապարհի երկու կողմից միաժամանակ։
«Հանգամանքների այս համակցությամբ վաղը օրվա կեսին Վերին Լարսի անցակետը կարող է բացվել»,- նշել է նա։





























