Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովը կա'մ պետք է ազատ արձակվի, կա'մ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգ գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։
«Սեպտեմբերի 20-ին ունենք Վերաքննիչ քրեական դատարանի որոշում, որով արձանագրվել է՝ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր, ծանրակշիռ հանգամանքներ։ Ընդ որում, դատարանն արձանագրել է, որ ծանրակշիռ հանգամանքներ չկան, այսինքն՝ հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելն անօրինական է»,- նշեց Պողոսյանը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, հոկտեմբերի 15-ին Խաչատուրովի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: «Մենք այս որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք, որը մակագրվում է նույն դատավորին, որը արձանագրել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն անօրինական է: Այսինքն վերաքննիչ դատարանը պետք է վերցնի սեպտեմբերի 20-ին կայացրած իր որոշումը տեսնի՝ արդյոք այդ որոշումը ի կատար է ածվում եւ ընդամենը արձանագրի իր նախկին որոշումը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հրապարակվի նոյեմբերի 27-ին:
«Մենք հասկանում ենք ամբողջ պետական համակարգի մախինայի ճնշումը դատական համակարգի վրա եւ վերաքննիչ դատարանը այս որոշումը չկայացնելու միայն մեկ հնարավորություն ունի՝ փախչել որոշում կայացնելուց: Կամ էլ պետք է վերահաստատվի սեպտեմբերի 20-ի որոշումը եւ Գրիգորի Խաչատւրովը նոյեմբերի 27-ին պետք է ազատ արձակվի: Հակառակ դեպքում, իրավական առումով Հայաստանում դատարն գոյություն չունի: Ո՞նց կարող է դատարանն արձանագրի, որ հոկտեմբերի 15-ից հետո անձի կալանքի տակ գտնվելն իրավաչափ չէ, ընդամենը երկու ամիս հետո ստանա նույն հիմքերով վերաքննիչ բողոք, տեսնի, որ դեռեւս կալանքի տակ է եւ հակադիր որոշում կայացնել»,-ասաց Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ այդ դատավորը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովհաննիսյանն է:
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։




























