Թերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի հետ.

Պարոն Բոստանջյան, այնուամենայնիվ որքանո՞վ է հավանական ճգնաժամի երկրորդ ալիքը։

Նախ պետք է հասկանալ, թե ինչ երեւույթ է ինքնին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի երկրորդ ալիքով այսօր էլ սպառնում են նաեւ մեր պետությանը: Չեմ հավակնում անհերքելի ճշմարտություններ ասել, սակայն կարծում եմ, որ սա էլ գերկառավարիչների, գեոպոլիտիկների քաղաքական ինչ-ինչ նպատակներով ստեղծած տնտեսական վիճակն է: Ֆինանսական ու տնտեսական յուրօրինակ ական, որը ներդրված է պլանետար կառավարում իրագործելու համար:

Այս մեխանիզմները ստեղծվել են տասնամյակներ առաջ, որոնց գործադրումները անցած ժամանակահատվածում բեւեռացրել են համաշխարհային ֆինանսական բոլոր ռեսուրսները: Իմ այս կարծիքի՝ թեեւ մի փոքր մշուշոտ, հաստատումը կարելի է համարել կապիտալի գերկենտրոնացման ցցուն արտահայտվածությունը հենց այս տնտեսական աշխարհակարգի առաջամարտիկ ԱՄՆ-ում:

Նույնիսկ քաղաքակիրթ ու արտադրած կամ ներկրած ապրանքներն սպառելու պրոբլեմ չունեցող երկրներում ռեսուրսների գերբեւեռացման փաստն առնվազն սկսել են արձանագրել: ԱՄՆ-ում այսօր «99%» կոչված բողոքի ցույցերը հենց այս բեւեռացման դեմ են:

Բնական է, որ գերկառավարիչները այս ամենը պետք է կանխատեսած լինեին։ Նրանք հասկացել են, որ ստեղծված վիճակը հղի է մեծամասնության համար անցանկալի հետեւանքներով: Ուստիեւ, ժամանակից առաջ ընկած, նրանք հիմա ներմուծում են ճգնաժամեր, որոնք նոր բարդություններ են առաջացնում բոլոր երկրներում:

Հայաստանը, բազմաթիվ օբյեկտիվ պայմանների բերումով եւս, կրում է այս ազդեցությունները: Սակայն որոշ սուբյեկտիվ հանգամանքների, ռեսուրսների սղության պատճառով պարզապես չի կարող կրել ճգնաժամի բոլոր ախտանիշերը, քանի որ անցած քսան տարիների ընթացքում լիբերալիզմի ոչ բոլոր ֆինանսական կառույցներն են ստեղծվել ու կայացել: Ստացվում է, որ մեր պետության բնականոն զարգացման այսօրվա մակարդակը մեզ համար յուրօրինակ պաշտպանական գործոն է դարձել:

Մեր երկրում կապիտալի գերկուտակում, սոցիալական կտրուկ շերտավորում չկա՞:

Հայաստանի ու ԱՄՆ-ի կամ գերզարգացած շուկայական լիբերալ այլ տնտեսությունների միջեւ զուգահեռներ անցկացնել չի կարելի, քանի որ որակական ու քանակական տարբերությունները էական են: Որքան էլ տարօրինակ հնչի, մեր երկրում եւ կապիտալի առկա աստիճանի բեւեռացումը, եւ սոցիալական շերտավորման մակարդակը միանգամայն բնականոն է, քանի որ Հայաստանում դեռ տեղի է ունենում կապիտալի նախասկզբնական կուտակում:

Միայն այս փուլից հետո կարող է այնպիսի հարաբերությունների դաշտ ձեւավորվել, որ սուբյեկտները սկսեն կանոնակարգել սոցիալական շերտերի տարբերությունները մեղմելու գործընթացները: Այսինքն՝ յուրաքանչյուրը գործունեության ու դրսեւորվելու հնարավորություն է ստանում իր պոտենցիալի սահմաններում, ինչի հետեւանքով հասարակական բարեկեցության մակարդակը բարձրանում է:

Երբեւիցե չպետք է երեւակայել, թե Հայաստանի նման սուղ բնական ռեսուրսներ ու հնարավորություններ ունեցող երկրում կարող են տեղի ունենալ այն զարգացումները, կամ ձեւավորվել այն հարաբերությունները, ինչպիսին մենք տեսնում ենք ԱՄՆ-ում, խոշոր տնտեսություն ու ռեսուրսներ ունեցող այլ երկրներում:

Պարոն Բոստանջյան, մեր տնտեսական բնագավառը կանոնակարգող օրենքները նպաստո՞ւմ են, որ բիզնես ոլորտը զարգանա մրցակցային միջավայրում:

Ընդհանրապես իշխանությունը, ինչպիսին էլ այն լինի` լիբերալ կամ սոցիալիստ, միամիտ կամ փորձառու, միշտ ընտրում է գործունեության այն մեխանիզմը, որը կարող է իրեն հասարակական առավել մեծ աջակցություն ապահովել: Ճիշտ է, հաճախ իշխանության են ձգտում նաեւ քաղաքական ուժեր, որոնք ոչ մասնագիտական, ոչ էլ բարձրյալի պարգեւած շնորհքն ունեն, բայց չեն ուզում իրենց սեւագործ աշխատանքն անել: Նրանց պետք է հասկանալ, ոչ թե մեղադրել:

Յուրաքանչյուր հասարակություն, անկախ պայմաններից ու պատճառներից, ունի համամասնական շերտեր: Հասարակությունը շահում է միայն այն պարագայում, երբ չի ջլատում իր ներուժը, եւ ոչ մի շերտ չի հայտնվում խաբկանքների դաշտում:

Մասնավորապես Հայաստանում ներկայիս իշխանությունը արտահայտում է մեր պետության շահերը, որոնք ինքնաբերաբար զուգորդվում, պայմանավորվում են ժողովրդի շահերով: Հիմա հնարավոր չէ պետության ու ժողովրդի շահերը անտեսել կամ հակադրել: Այսօր մեր հասարակությունը առանձնակի դժվարություն չունի` հասկանալու համար, որ այսօր իշխանության ղեկին գտնվող ուժերը, իրոք, տիրապետում ու գործադրում են այն անհարժեշտ լծակները, որոնք կապահովեն հասարակական բարեկեցության մակարդակի բարձրացում: