Հանրապետական գործարար պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը եւ Սամվել Ալեքսանյանը «Հայկական ժամանակ» թերթից 2մլն 44 հազարական դրամներն ստանալուն պես, մեկ ժամվա ընթացքում փոխանցելու են Խարբերդի մանկատուն:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը NEWS.am-ի թղթակցից տեղեկացավ, որ այսօր`, հոկետմբերի 27-ին, «Հայկական ժամանակ» թերթից կստանա դատարանի սահմանած գումարը` 2 միլիոն 44 հազար դրամը:

«Ես այդ գումարը մանկատուն եմ փոխանցելու, բայց թե որ մանկատուն, չեմ կարա ասեմ, Հայրապետյանից հարցրեք»,- նշեց նա:

Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գումարը ստանալուց մեկ ժամ հետո այն կլինի Խարբերդի մանկատանը: Նրա խոսքով` դեռ չեն որոշել` գումա՞րն են փոխանցելու, թե՞ գույք են գնելու, ինչպես անհրաժեշտ լինի, այնպես էլ կանեն:

Ինչ վերաբերում է մյուս պատգամավորին` Լեւոն Սարգսյանին, ով եւս դատարանի վճռով կստանա 2 մլն 44 հազար դրամ, Հայրապետյանը չգիտեր` նա կմիանա՞ իրենց, թե` ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը օրվա երկրորդ կեսին կալանք է դրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության հաշիվների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը` հավելելով, որ վաղը իրենք պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին յուրաքանչյուրին կվճարեն 2 միլիոն 44 հազար դրամ: Ըստ որում` դատարանի սահմանած գումարը` 6 միլիոն 234 հազար դրամը, «Հայկական Ժամանակը» վճարելու է հանգանակության միջոցով հավաքված գումարից: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն փետրվարի 7-ին տեղի ունեցած դատական նիստում մասամբ բավարարել է Հայաստանի ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, ՀՀԿ խմբակցությունից Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ զրպարտության եւ վիրավորանքի համար ներկայացված հայցը: