Սեպտեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածը, սովորաբար, համարվում է վիրուսային հիվանդությունների տարածման ու փոխանցման ամենաակտիվ ժամանակաշրջան: Այս տարի, սակայն, Լոռիի մարզի հիգիենիկ համաճարակային տեսչության գրանցամատյանում բավականին քիչ տոկոս են կազմում ինֆեկցիոն վիրուսային հիվանդությունների դեպքերը: ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռիի մարզային կենտրոնի պետ Կարինե Միրզոյանի հավաստմամբ, այս տարի, համեմատական կարգով վիճակը հանգիստ է, գրիպոզ ու ինֆեկցիոն վիրուսային հիվանդությունները տոկոսային չնչին թիվ են կազմում:
Ակտիվացել են միայն ջրծաղիկով վարակման դեպքերը: Հիվանդության տարածման աղբյուրներն հիմնականում նախակրթարաններն են ու դպրոցների կրտսեր խմբերը: Այդ պատճառով, հիգիենիկ համաճարակային տեսչությունից հորդորում են նախակրթարաններին, լինել զգոն` ջրծաղիկ հիվանդության հայտնաբերման դեպքում, կատարել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ու ամենշաբաթյա ստուգումներ: Արդեն սկսվել ու ընթացքի մեջ են ջրծաղիկ ու կարմրուկ հիվանդությունների դեմ 0-14 տարեկան երեխաների պատվաստումները: Մարզում քիչ թիվ են կազմում նաեւ սննդային թունավորումների դեպքերը, սակայն այս տարվա անցած ամսիների ընթացքում մեծ թիվ են կազմել սնկային թունավորումները:
Այժմ սկսվում է պահածոների օգտագործման շրջանը, դրա հետ մեկտեղ սկսվում է նաեւ բուտուլիզմ հիվանդության տարածումը եւ դժվար է ասել, թե որքանով են մարդիկ հեռու վարակվելուց: Անցած տարի, օրինակ, բուտուլիզմի գրանցված 27 դեպքերից 3-ը ավարտվել են մահվան ելքով: Ոչ տարածված հիվանդություններից այս տարի գրանցվել են տուլարեմիայով հիվանդության բացառիկ դեպքեր, սա կրծողներից մարդուն փոխանցվող հիվանդություն է, իր բնույթով եզակի այս դեպքը գրանցվել է Մարգահովիտ համայնքում:




























