2012 թ. պետական բյուջեից քաղաքական կուսակցություններին կտրամադրվի 69.6 մլն դրամ, նշված է 2012 թ. պետական բյուջեի մասին օրենքի բացատրագրում: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի պահանջի համաձայն, ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցություն է տրամադրվում: Գումարը կուսակցությունների միջեւ բաշխվում է նրանց ստացած ձայներին համապատասխան:
Պետական բյուջեում քաղաքական կուսակցություններին տրամադրվող ընդհանուր գումարի չափը, ըստ օրենքի, որոշվում է հետեւյալ բանաձեւով` այն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի 0,03-ապատիկի եւ Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից: Նվազագույն աշխատավարձը ներկայում 32.5 հազ. դրամ է, իսկ ընտրողների թիվը 2007 թ. խորհրդարանական ընտրություններում եղել է 2.31 մլն մարդ: Բանաձեւի կիրառմամբ, ընդհանուր արտադրյալը կազմում է հենց 69.6 մլն, որն էլ ամրագրվել է պետական բյուջեում:
Հետաքրքիր է, որ վերջին 3 տարում քաղաքական կուսակցություններին տրվող գումարը փոփոխության չի ենթարկվում, թեեւ նվազագույն աշխատավարձի չափում եւ ընտրողների ցուցակներում եղել են փոփոխություններ:



























