Այսօր` հոկտեմբերի 27-ին, Կառավարության նիստի օրը, ոստիկանությունը որոշել է փակել կառավարության շենքի առջեւ գտնվող հրապարակը:

Անգամ անցորդներին արգելում են հրապարակով անցնել, իսկ լրագրողներին էլ թողնում են հենց փողոցում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Սա ըստ երեւույթին կատարվում է այն նպատակով, որպեսզի բողոքի ակցիաներ հնարավոր չլինի անցկացնել կառավարության շենքի դիմաց:

Մասնավորապես, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատները, «Բանակն իրականում» նախաձեռնությունը, բնապահպանական կազմակերպությունները եւ այլ սոցիալական շարժումները:

Առայժմ որեւէ բացատրություն կառավարության ներկայացուցիչներից կամ ոստիկանությունից չի հաջողվում ստանալ, թե ինչու են անվտանգության նման խիստ միջոցառումներ անցկացվում:

Նշենք, որ այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաների մասնակիցներ դեռ չկան: