Երեւանի պետհամալսարանում, հոկտեմբերի 28-ին, կմեկնարկի «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի եւ թմրամիջոցների» ծրագիրը։ Ծրագիրը կիրականացվի ԵՊՀ ողջ տարածքում մինչեւ 2011թ. դեկտեմբեր ամիսը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի եւ թմրամիջոցների» խորագրով ծրագրի շրջանակներում կստեղծվեն տեղեկատվական նյութեր՝ պաստառներ եւ բուկլետներ։ Պաստառները կփակցվեն ԵՊՀ լսարաններում, գրադարանի ընթերցասրահներում, ինչպես նաեւ միջանցքների տեսանելի վայրերում, իսկ բուկլետները կտարածվեն ուսանողության շրջանում:

ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետում կանցկացվեն ավելի քան 25 սեմինար-քննարկումներ՝  նվիրված ծխախոտի եւ թմրանյութերի վնասակար ազդեցությանը։ Կկազմակերպվեն նաեւ թեմատիկ կինոդիտումներ: Իրականացվող միջոցառումները ԵՊՀ տարածքում կստեղծեն բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ ծխախոտի եւ թմրանյութերի դեմ ակտիվ եւ արդյունավետ պայքարի համար, համալսարանի ուսանողության եւ դասախոսական անձնակազմի շրջանում կբարձրանա ծխախոտի եւ թմրադեղերի դեմ պայքարելու անհրաժեշտության գաղափարը, ինչպես նաեւ ուսանողությանը կներկայացվեն ծխախոտի եւ թմրանյութերի օգտագործման հետեւանքները: