Երեւանում, հոկտեմբերի 20-21-ին տեղի է ունեցել Միջազգային եվրոպական շարժման ամենամյա կոնգրեսը, որն այս անգամ կրել է «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրացիայի գործընթացում Արեւելյան գործընկերության երկրներում» անունը:

Եվրոպական շարժման բարձրաստիճան պաշտոնյաների եւ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած աշխատանքային խմբերում քննարկվել են քաղաքացիական հասարակությանը ԵՄ օժանդակության զարգացման, ազգային ռեֆորմների, վիզաների դյուրացման հարցեր: Երեք աշխատանքային խմբերի ջանքերով էլ կազմվել է Միջազգային եվրոպական շարժման վերջնական հռչակագիրը: Հռչակագրում հեղինակավոր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում ԵՄ «ներգրավում առանց ճանաչման քաղաքականությանը», ինչը ենթադրում է ավելի սերտ կապեր Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի քաղաքացիական հասարակությունների հետ եւ վերջիններիս ներգրավվածություն եվրոպական տարբեր ծրագրերի մեջ:

Հռչակագրի կետը ձեւակերպված է այսպես. «Կոնգրեսի մասնակիցները նաեւ արտահայտել են իրենց աջակցությունը Եվրոպական Խորհրդարանի  2011թ. ապրիլի 7-ի` «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերաբերյալ – արեւելյան ուղղություն» բանաձեւի վերաբերյալ, եւ հատկապես հոդված 49-ի, որը կոչ է անում ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ/ԵՄ բարձրագույն ներկայացուցչին «զարգացնել ավելի շատ վստահություն ներշնչող միջոցներ եւ ծրագրեր, որը կընդգրկի նոր առաքելությունների եւ հասարակական հաղորդակցության ռազմավարությունների հիմնադրումը, պրագմատիկ նախաձեռնությունների հաշվի առնումը, նորարար մոտեցումները, ինչպիսիք են ոչ ֆորմալ շփումները եւ խորհրդակցությունները անջատված տարածքների հասարակությունների հետ, միեւնույն ժամանակ պահպանելով ԵՄ չճանաչման քաղաքականությունը, որպեսզի օժանդակենք քաղաքացիական մշակույթը եւ հասարակական երկխոսությունը»: