Հայաստանում ֆրանսիական համալսարանում, հոկտեմբերի 28-ին, տեղի կունենա «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը որպես Եվրոպական միության հիմնարար արժեքներ» խորագրով համաժողովը:
Համաժողովի նպատակն է մասնակիցների հետ քննարկել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, ինչպես նաեւ օժանդակել Հայաստանում օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը եւ օգնել Հայաստանին հետեւելու ժողովրդավարությանն առնչվող եվրոպական չափանիշներին։ Համաժողովի շրջանակներում որոշում կայացնողները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունն ու լայն հանրությունը կծանոթանան ոլորտում տեղի ունեցող եվրոպական զարգացումներին։
Համաժողովի բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գերանդը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը:
Համաժողովի հիմնական բանախոսներն են ԵՄ փորձագետ, Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Ֆրանկոֆոնիայի գծով Ֆրանսիայի նախագահի նախկին անձնական ներկայացուցիչ, Ռոն շրջանի նախկին պատգամավոր, Լիոնի նախկին փոխքաղաքապետ, Եվրոպական շարժման նախագահ Քրիստիան Ֆիլիպը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Նատալյա Ադամյանը։




























