Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, հոկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ին, խուզարկություն են կատարել Հրազդան քաղաքում գտնվող «Ծառի տակ» ռեստորանային համալիրում, որի ընթացքում տարբեր տեղերից հայտնաբերվել է առանձին փաթեթներով 58 գ, 4 գ, 3,3 գ, 2,8 գ,10 գ, 1,5 գ կշիռներով կանաչ գույնի յուրահատուկ հոտով կանեփանման մանրացված զանգվածներ եւ երկու տարբեր փաթեթներով կանեփի սերմեր 64 գ եւ 24 գ կշռով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Ի դեպ, նույն անունով («Ծառի տակ») ռեստորան կա նաեւ Արզնիում, որի սեփականատեր Ա. Հովակիմյանը զանգահարել է NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ այսօր առավոտից իրեն են զանգահարում բազմաթիվ մարդիկ, ովքեր շփոթել են Հրազդանի «Ծառի տակ» ռեստորանը «Արզնիի նույնանուն ռեստորանի հետ: