Հայաստանն ունի պրոցեսների հետեւից գնացող քաղաքականություն, որը լուրջ չէ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` հավելելով, որ Հայաստանի կողմից լուրջ քաղաքականություն երբեւէ չի եղել:
«Կարծես արտգործնախարարությունը պրոտոկալային վարչություն լինի, որը օտարերկրյա ղեկավարների ընդունման, երկրի պաշտոնատար անձանց այցելությունների խնդիրներով է զբաղված»,- նշեց նա: Երվանդ Բոզոյանն ասաց, որ Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու ուղղությամբ, մեր ԱԳՆ-ն չի աշխատել` միեւնույն ժամանակ հարց բարձրացնելով, թե արդյոք նրանց այդպիսի հանձնարարական տվե՞լ են, արդյոք այդ կառույցն ունի՞ բավարար ռեսուրներ`աշխատելու այդ ուղղությամբ:
Անդրադառնալով կադրերի խնդրին, Բոզոյանը նշեց, որ դեսպան նշանակելը դարձել է հաճույքի պես մի բան եւ այնպիսի մարդկանց են դեսպաններ նշանակում, որոնց ինքը պահեստապետ էլ չէր նշանակի:
Քաղաքագետի կարծիքով, բացի ղարաբաղյան խնդրից Հայաստանն այլ խնդրով չի զբաղվում, բայց դրանով էլ չի զբաղվում: «Ամոթ է, որ երկիրը, որն ունի այսպիսի սփյուռք, լինի այս վիճակում: Մենք սփյուռքին օտարել ենք մեզնից տխրահռչակ ֆուտբոլային քաղաքականության պատճառով»,- ասաց նա ` հավելելով, որ եթե երկրում պետական մեքենան չի աշխատում, ապա ԱԳՆ-ի մեքենան չի կարող աշխատել: «Ես չէի մեղադրի ԱԳՆ-ին, որովհետեւ դա գործադիր, կատարողական մարմին է, կատարում է այն, ինչ իր առջեւ դնում են: Ես կարծում եմ, որ լուրջ պրոբլեմ կա երկրի ռազմավարության իմաստով»,- նշեց նա` հավելելով որ հասարակությունը քիչ պահանջներ է դնում ղեկավարության առաջ:
Իսկ թե ինչո՞ւ է այդպես, քաղաքագետի կարծիքով, պատճառն այն է, որ մարդիկ մտածում են իրենց սոցիալական-կենցաղային խնդիրները լուծելու մասին եւ արտագաղթում են: Նրա խոսքով, ոչ ԱԳՆ-ն է մեղավոր, ոչ էլ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պետք չէ նրանց քավության նոխազ դարձնել:




























