Արևմտյան տերությունները քննարկում են՝ արժե՞ արդյոք աջակցել Գազայի հատվածում ահաբեկչական հարձակումները կանխելու նպատակով բուֆերային գոտի ստեղծելու Իսրայելի ծրագրին, ասելով, որ իրենց պարզաբանում չի տրվել, թե որքան ժամանակ է Իսրայելը ցանկանում պահպանել այն կամ արդյոք ծրագրում է երկարաժամկետ ռազմական ներկայություն ունենալ այնտեղ, գրում է Haaretz-ը:
Իրավիճակին ծանոթ դիվանագետը Haaretz-ին ասել է, որ արևմտյան տերությունները մտահոգված են, որ բուֆերային գոտին կդառնա մշտական:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելը մի քանի արևմտյան կառավարությունների տեղեկացրել է պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում բուֆերային գոտի ստեղծելու իր ծրագրերի մասին։ Բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ մանրամասն պլան չկա:
«Երբ իսրայելցիներին այս մասին կոնկրետ հարցեր են տալիս, պարզ է դառնում, որ իրենք դեռ պատասխաններ չունեն»,- պարզաբանել է նա։ «Նրանք չգիտեն, թե որքան խորն է լինելու բուֆերային գոտին, ինչպես են այն կիրառելու կամ որքան կտևի։ Խնդիրն այն է, որ մենք պետք է իմանանք այս բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի որոշենք՝ աջակցե՞նք դրան, թե ոչ»։
Քննարկմանը մասնակցած դիվանագետներն ասել են, որ սկզբունքորեն արևմտյան պետությունների մեծ մասը հասկանում է, որ Իսրայելը պետք է ինչ-որ բուֆերային գոտի ստեղծի, բայց դա դիտարկում է որպես ժամանակավոր լուծում մինչև Գազայի հատվածում կառավարման նոր համակարգի հաստատումը։ Նրանք դեմ են, որ բուֆերային գոտին մշտական դառնա։
«Իսրայելն ասում է, որ ցանկանում է վերջ տալ Համասի իշխանությանը, բայց պատրաստ չէ ասել, թե ինչ կլինի հաջորդ օրը Գազայում», - ասել է դիվանագետներից մեկը: «Տրամաբանական է ասել, որ պատերազմի ավարտից մի քանի ամիս հետո արգելվելու է մեկ-երկու կիլոմետրից ավելի մոտենալ սահմանի ցանկապատին։ Բայց երբ նոր կառավարություն ստեղծվի և ստանձնի պատասխանատվությունը, այս պայմանավորվածությունը չի կարող հավերժ ուժի մեջ մնալ»:
Մեկ այլ դիվանագետ բուֆերային գոտու ծրագիրը կապել է Գազայի հատվածում բնակավայրերը վերականգնելու Իսրայելի կառավարության որոշ պաշտոնյաների կոչերի հետ: «Եթե բոլորը համոզված լինեին, որ սա ընդամենը ժամանակավոր ռազմական լուծում է, ավելի հեշտ կլիներ դրա համար աջակցություն ստանալ։ Բայց մենք հստակ պատասխաններ չենք ստանում Իսրայելից, ինչը մտահոգություն է առաջացնում, թե իրականում ինչ է կանգնած այս քայլի հետևում»,- պարզաբանել է նա:





























