Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ դատի են տվել Նիդերլանդների կառավարությանը՝ պնդելով, որ F-35 կործանիչների պահեստամասերի մատակարարումը նպաստում է Գազայի հատվածում միջազգային իրավունքի խախտմանը, հայտնում է AFP-ն։

Գործը վերաբերում է ԱՄՆ-ին պատկանող F-35 դետալներին, որոնք պահվում են Նիդերլանդների պահեստում և այնուհետև առաքվում են մի քանի գործընկերների, այդ թվում՝ Իսրայելին՝ գործող արտահանման համաձայնագրերի համաձայն:

Oxfam Novib-ը՝ հայց ներկայացրած խմբերից մեկը, ասում է, որ արտահանումները «Նիդերլանդներին մեղսակից են դարձրել պատերազմի օրենքները խախտելու և Գազայի խաղաղ բնակչությանը հավաքականորեն պատժելու գործում»:

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այնտեղ պատերազմը խլել է ավելի քան 15500 մարդու կյանք, որոնց կեսից ավելին կանայք և երեխաներ են։

«Զենքի մասեր մատակարարելով՝ Նիդեռլանդները վտանգում է դառնալ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մեղսակից», - ասում է Amnesty International-ի տնօրեն Դագմար Օուդթշորնը:

Միջազգային իրավունքի փորձագետները AFP-ին ասել են, որ հակամարտող երկու կողմերի կողմից, հավանաբար, կատարվել են մարդու իրավունքների խախտումներ:

Անցյալ ամիս հոլանդացի պաշտոնյաները հայտարարեցին, որ պարզ չէ, թե արդյոք իրենք իրավունք ունե՞ն միջամտելու բեռնափոխադրումներին, որոնք ԱՄՆ-ի գլխավորությամբ F-35 բոլոր գործընկերներին մասեր մատակարարելու գործողության մաս են կազմում:

«Հիմք ընդունելով իսրայելական F-35-ների տեղակայման վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը, չի կարելի հաստատել, որ F-35-ները ներգրավված են պատերազմի մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների մեջ», - ասվում է կառավարության նամակում խորհրդարանին:

Սակայն հայցվորների իրավապաշտպան Լիզբեթ Զեգվելդն ասում է. «Ակնհայտ է, որ այդ ինքնաթիռներն օգտագործվում են Գազայի հատվածի վրա՝ օդային ռմբակոծություններ իրականացնելու և Գազայի հատվածում ցամաքային զորքերին օգնելու համար, մինչ մենք խոսում ենք»:

Գործով որոշումը սպասվում է մոտ երկու շաբաթից։