Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու մասին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հոկտեմբերի 26-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Վրաստանի կցկտուր քաղաքական քայլ` պայմանավորված տարածաշրջանային ընդհանուր համատեքստից կտրվելու վախով: Այս մասին ասվում է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Այդ վախի ձեւավորման համար էական դեր է խաղացել անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, որն իր իրական ներուժի բացահայտման եւ գործադրման դեպքում Վրաստանին կարող է կտրել տարածաշրջանային համագործակցության հեռանկարից:
Կան 2 ակնհայտ պատճառներ, որոնք մեծ հարցականի տակ են դնում Վրաստանի միջնորդությունը: Իրավականորեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է իրականացնում միջնորդական այդ գործառույթը: Երկրորդ, բոլոր երկրներում, այդ թվում Թբիլիսիում, հասկանում են, որ Վրաստանն այն քաղաքական պոտենցիալը չունի, որպեսզի միջնորդ դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Բացի այդ, Վրաստանը չի կարողանում կարգավորել սեփական արտաքին քաղաքականության հիմնախնդիրները` Ռուսաստանի, Աբխազիայի, Հարավային Օսսեթիայի հետ հարաբերությունները:
Ուստի, ըմբռնելով Վաշաձեի տվյալ հայտարարության տեղի եւ ժամանակի գործոնների վերլուծության անհրաժեշտությունը, եզրակացնում ենք, որ Վրաստանը փորձում է «խաղալ» Ռուսաստանի «նյարդերի» հետ այն երկրում, որը դեռեւս չի միացել ռուսական ազատ գոտու նախաձեռնությանը: Վրաստանն այսօրինակ քայլով փորձում է միայն ազատ քաղաքական տարածք բացել իր արտաքին քաղաքականության համար, որը կարեւոր պայման է պետության հաջորդիվ քայլերի որոշման համար: Արդյունքում, սակայն, այն Վրաստանին դնում է կցկտուր եւ ցայտնոտանման կերպարի մեջ»,- ասված է հայտարարության մեջ:




























