Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է ՀՌԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը:

ԱՆ մամուլի ծառայությունը ներկայացնում է մերժման հիմքերը:

«1. Օրենքի 15-րդ  հոդվածի 3-րդ մասի  համաձայն  կուսակցության կանոնադրությունում  կատարված  փոփոխությունների եւ լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով, ուստի Կուսակցության ատենապետ Է. Անտինյանի  կողմից նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման համար ներկայացված  դիմումը պետք է ստորագրված լինի Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամների կողմից՝ նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների եւ բնակության վայրի  նշումով,  որն  Օրենքի  13-րդ  հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջն է(ի լրումն տեղեկացվում է, որ ՀՀ արդարադատության նախարարին  ուղղված Ձեր  դիմումում նշել եք, որ Կուսակցության Հանրապետական վարչության  անդամների  լիազորությունները 2011թ. փետրվարի 21-ին դադարել են)։

2. Ներկայացված  Կուսակցության  19-րդ արտահերթ  համագումարի երկրորդ նիստի արձանագրությունից  քաղվածքը  չի բովանդակում  արձանագրության կազմման օրը, որն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ  օրենքի  15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետի պահանջն է։

3. Ներկայացված արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը  բնօրինակին  հաստատված չէ Կուսակցության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, որն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ պարբերության պահանջն է։

4. Ներկայացված չէ Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի  գտնվելու վայրի հասցեն եւ պարբերական մամուլի օրինակը, որտեղ հրապարակվել է Կուսակցության համագումարի անցկացման տեղի եւ ժամի մասին լրատվություն,  որն  Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ կետերի պահանջներն են։

5. Ներկայացված կանոնադրության օրինակների  էջերը  ստորագրված չեն Կուսակցության լիազորած անձի կողմից, որն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պահանջն է։

6. Ներկայացված կանոնադրության օրինակների տիտղոսաթերթը չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի 17.03.2011թ. թիվ 31-Ն հրամանով հաստատված ձեւին։

7. Կանոնադրության 51-րդ հոդվածը  հակասում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին։

Լրացուցիչ տեղեկացնում եմ, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի  համաձայն  պետական գրանցման վկայականը պետք է պարունակի  նշում   հերթական ներդիրը տալու  մասին, սակայն  Հարություն Առաքելյանի կողմից ներկայացված դիմումներից պարզ է դառնում, որ Կուսակցության պետական գրանցման վկայականը  գտնվում է Կուսակցության հանրապետական ատենադպիր Կ.Կակոյանի մոտ»: