Հայաստանի կառավարության շենքն այսօր` հոկտեմբերի 27-ին, պաշարված ամրոցի էր վերածվել, ոստիկանությունը բոլոր ուղղություններով փակել էր թիվ մեկ շենք տանող ուղիները` զրկելով ամենշաբաթյա բողոքի ակցիաների մասնակիցներին իրենց ձայնը տեղ հասցնելու հնարավորությունից:

Ոստիկանները նաեւ խախտում էին հասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը` հրահանգելով շրջանցել կառավարության շենքը: «Կառավարության շենքն ականապատված է»,- փոխարենը կատակում էին բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք այս անգամ ստիպված էին իրենց բողոքը հայտնել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտից` տեղացող անձրեւի տակ: Նրանք ոստիկանների համար բարձրաձայն ընթերցում էին Հայաստանի սահմանադրության 25-րդ հոդվածը, որը երաշխավորում է քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Այստեղ էին հավաքվել ինչպես բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն ու «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստները, այնպես էլ Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքող բնապահպանները:

Ցուցարարների մի մասն էլ հավաքվել էր կապի եւ տրանսպորտի նախարարության դիմաց: Ոստիկաններն այստեղից բերման ենթարկեցին «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ Լալա Ասլիկյանին եւ տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս պահին ակտիվիստների մի մասը հավաքվել է Կենտրոնի ոստիկանատան մոտ: