Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը ոստիկանատան մոտ փորձել է վրաերթի ենթարկել Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Պատգամավորը NEWS.am-ին հայտնեց, որ Կենտրոնի ոստիկանատան մոտ հավաքվել են մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք բողոքում են Հանրապետության հրապարակի մոտից «Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստ Լալա Ասլիկյանին բերման ենթարկելու դեմ:

Պատգամավորի խոսքով, ոստիկանությունը փակել է շենքի ճանապարհները, իսկ «Արայիկ Պետրոսյանն էլ փորձում էր վրաերթի ենթարկել ինձ, եւ մեքենան դիպել է ինձ»:

Գնահատելով ոստիկանության գործողությունները, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այդ մարդիկ ուղղակի հանցագործներ են»:

Նշենք, որ ոստիկանությունը այսօր շրջափակել էր կառավարության շենքը` արգելելով բողոքի ակցիայի մասնակիցներին հավաքվել մուտքի առջեւ: