Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը վտանգում է ողջ Մերձավոր Արևելքի անվտանգությունն ու ապագան՝ իր քաղաքական կյանքը երկարացնելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարի մայրաքաղաք Դոհայում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովում ելույթի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ «Գազայի հատվածում իրականացված վայրագությունները վերաճեն տարածաշրջանային պատերազմի, որը կներառի նաև Սիրիան»։

Նա ասել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում անհապաղ և մշտական ​​հրադադարն է և Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան առաքման ապահովումը։

Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում «հանցագործություն են մարդկության դեմ և պատերազմական հանցագործություն, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի»։ «17 հազար անմեղ պաղեստինցիների մահը, հիմնականում՝ երեխաներ և կանայք, հանցագործություն է մարդկության դեմ, ռազմական հանցագործություն։ Իսրայելը չպետք է խուսափի այդ հանցագործություններից»,- մասնավորապես ասել է Էրդողանը։

Անդրադառնալով էներգետիկայի թեմային՝ նա նշել է, որ Թուրքիան պահպանում է միջազգային ներդրողների համար «ապահով ապաստանի» կարգավիճակը։