Հայաստանի ոստիկնապետ Ալիկ Սարգսյանն, այսօր` հոկտեմբերի 27-ին,  լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության` հոկտեմբերի 28-ին նախատեսված հանրահավաքի հետ կապված ոստիկանության գործողություններին: Ստորեւ ներկայացնում ենք ճեպազրույցի հատվածը.

Պրն ոստիկանապետ, վաղվա հանրահավաքից առաջ մայրուղիները նորից փակելո՞ւ եք:

Ես նման ցուցում չեմ տվել ոչ մի անգամ, սա ընդամենը շահարկում է: Հնարավոր է` մի տեղ մեկը մեկին խորհուրդ տա` «զբաղվի քո գործերով, ի՞նչ ես գնում հանրահավաքի»: Դա չի նշանակում, որ ես ճանապարհ եմ փակել: Սա սովորական աշխատանք է, միգուցե մեկը.. դե վերջը մարդիկ հարաբերվում են, տարբեր կուսակցություններ իրենց շահերն ունեն, մեկը կարող է իր շահերից ելնելով մեկին խորհուրդ տալ, թե «մի մասնակցի»: Ո՞րն է այդտեղ իմ մեղքը, ոստիկանության մեղքը: Ես ճանապարհ չեմ փակում, դուք ինքներդ դուրս եկեք` նայեք, որտե՞ղ կտեսնեք փակված ճանապարհ:

Բայց անցյալ անգամ մայրուղիները փակել էիք…

Դա եղավ այն ժամանակ, երբ նստացույց էին իրականացնում եւ այլն: Այն ժամանակ օպերատիվ դրությունը վերահսկելը, հասկանալը ինչ է կատարվում, քաղաքի մուտքը-ելքը` դա իմ իրավունքների մեջ է մտնում, ինձանից մի նեղացեք, ես պիտի իմանամ ինչքան տրանսպորտ մտավ քաղաք, ինչքան տրանսպորտ դուրս եկավ, ինչքան ժողովուրդ կա Երեւանում այս պահին, մոտավորապես պիտի հասկանամ: Այնպես չի, որ ես պետք է անուշադրության մատնեմ, իմ առանձնասենյակում, կամ իմ կաբինետում նստեմ, տեսնեմ իրադարձությունները ոնց պիտի զարգանան: Ես ավելի շատ հետեւողականությունն եմ ընդունում, որ հասկանանք` ինչ մթնոլորտ է Երեւանում, ինչ իրավիճակ է, եւ զարգացման միտումներ կա՞ն, թե՞ չկան: Դա իմ սուրբ պարտականությունն է: Իսկ որպեսզի իմանամ` մայրուղիները վերահսկելը մտնում է իմ գործի մեջ:

Եթե վաղը նորից նստացույց լինի՞:

Իմ մոտեցումը կլինի նույնը` ես չեմ միջամտի նորից, ինչպես անցյալ անգամ չմիջամտեցի: Առայժմ կհորդորեմ, որ դադարեցնեն, եթե դա կլինի ոչ արտոնված, մինչեւ ընթացքում նրանց պահվածքից ես որոշեմ իմ հետագա անելիքները: Եթե դա զուտ խաղաղ բնույթ կրի, դա ինձ որեւիցե կերպ չի վերաբերում, ընդհակառակը` ոստիկանությունը պարտավոր է աջակցություն ցուցաբերել, որպեսզի որեւիցե խախտում հասարակական կարգի չլինի: Իսկ եթե տեսնեմ, որ զարգացումներն այլ բանի են տանում, որ հղի է ավելի ծանր հետեւանքներով, իմ միջամտությունը հաստատ կլինի կեսից, նույնիսկ` անսպասելի: Եթե ժամանակին էլ թույլ չտային` երեւի մարտի 1-ն էլ չէր լինի, թողեցին մինչեւ հասավ մարտի 1-ին: