Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները սեմինարներ են անցկացնում Գյումրիում, որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին: Դրանք մեծացրել են հանձնաժողովականների լիազորությունները նաեւ պատասխանատվությունը ընտրական գործընթացի ժամանակ:

Ըստ այդմ, ընտրական տեղամասում տեղի ունեցող դեպքերի, միջադեպերի համար հանձնաժողովի անդամներն ու նախագահը պատասխանատու են հավասարապես: Նոր փոփոխություններով մեծացվել է  նաեւ վստահված անձանց, դիտորդների, նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների դերն ու նշանակությունը: «Հանձնաժողովականների անտեղյակության պատճառով ընտրական գործընթացի ժամանակ խնդիրներ գրեթե միշտ են առաջանում, դրանք շատ դեպքերում ընտրախախտումների պատճառ են դառնում, սեմինարների միջոցով փորձում են բարձրացնել ընդհանուր իրազեկվածության մակարդակը, որպեզի ինչ- որ չափով ընտրախախումները նվազեցվեն»,-նշել են ընտրական գործընթացի կազմակերպիչները:

Իսկ փոփոխված ընտրական օրենսգիրքը պետք է պատասխան տա այն բոլոր հարցերին, որոնք վեր են հանվել նախորդ ընտրությունների ժամանակ:

Քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչների այն քննադաությունները, թե օրենսգրքում կատարված փոփոխությունները ոչնչով չեն փոխի  ընտրական պրոցեսի ընթացքն եւ որ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացման համար մեր երկրում չկա քաղաքական կամք, արդարացի  են համարել նաեւ ԿԸՀ ներկայացուցիչները: Դաշնակցական Համլետ Աբրահամյանն օրինակ նշել է, թե շատ բան կախված է հենց հանձնաժողովականներից, եթե շատ խախտումների ու կեղծիքների վրա աչք չփակեն ու պատասխանատվության զգացումով կատարեն իրենց աշխատանքը, դիտորդներն ու վստահված անձինք էլ ինչպես հարկն է հետեւեն ընտրական պրոցեսին, ապա   ինչ-որ բան փոխել հնարավոր կլինի: