Թերթը գրում է, որ այսօր լրանում է մեկ շաբաթ, ինչ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը անժամկետ նստացույց է սկսել` պահանջելով կառավարության ուշադրությունն իր խնդրին եւ երեք անչափահաս դուստրերին տնից չզրկել:
«Ընտանիքի պատմությունը որչափ տարօրինակ, նույնքան էլ զարհուրելի է, որովհետեւ Խուդոյանների հինգհոգանոց ընտանիքին, կարելի է ասել, տնից դուրս են շպրտում հարազատ քույրը, եղբայրն ու մայրը:
Պատմությունը, ըստ Խուդոյանների, հետեւյալն է: 1976-ին Աշոտի պապը` Ասատուր Խուդոյանը, Էջմիածին քաղաքի Շահումյան 27 հասցեում գտնվող տունը կտակում է թոռներից մեկին` Աշոտին: «Հետո նոտարական գրասենյակում հայտնվեց կեղծ փաստաթուղթ, թե նույն տարվա վերջում պապը կտակը փոխել է եւ նվիրատվություն ձեւակերպել հարսին եւ մյուս թոռանը: Դիմում ենք նոտարական գրասենյակ, սակայն նոտարը պատասխանում է, որ կտակը չի փոխվել եւ բովանդակությունը մնացել է նույնը: «Եթե կտակը փոխելու անհրաժեշտություն կար, պապը պետք է դիմում գրեր, հրաժարվեր կտակից եւ միայն դրանից հետո նվիրատվություն կատարեր», ասում է Աշոտ Խուդոյանը: Նրա կինը` Հեղինեն, պատմում է, որ նոտար Վրեժ Ղարիբյանը պնդում է, թե կա նվիրատվության փաստաթուղթ եւ վավերացված է: «Ես էլ հարցնում եմ՝ եթե կտակ արվել է եւ չի փոխվել, ի՞նչ նվիրատվության մասին կարող է խոսք գնալ»: Սակայն այս հարցին նոտարը պատասխան չի տալիս: Հեղինեն պատմում է, որ սկեսուրը բնակվում է Ամերիկայում, քույրը` Մարիետան՝ Երեւանում` Չարենցի փողոցում: «Նրա խնամին դատավոր է, փեսան` փաստաբան: Նրանք ինչ ուզում, անում են: Քույրը մի քանի անգամ սպառնացել է, որ մեզ անտուն է թողնելու: Ես չգիտեմ, թե ինչու են նրանք այդքան ատում ամուսնուս, ի՞նչ ենք մենք նրանց արել, որ էսպես ընկած են մեր ետեւից»:
Հեղինեն պատմում է, որ կադաստրում նույնպես հանդիպել են ապօրինությունների: «Աշխատակցուհին ամուսնուս անունով դիմում է գրել, որ իբր 2006-ին Աշոտ Խուդոյանն իմացել է նվիրատվության մասին եւ ստորագրել: Բայց ամուսինս նման բան չի կատարել: Մենք առաջին ատյանի դատավոր Մելքոնյանին ասում ենք ստորագրությունը, դիմումը փորձագիտական քննության ենթարկեք, սակայն դատավորը մեր խոսքերին ուշադրություն չի դարձնում: Նրանք նայում են այն ձեռքին, որ գումար է տալիս, իսկ մենք գումար չունենք», ասում է նա:
«Քույրս ցանկանում է, որ տունն անցնի իրեն: Նա համագործակցում է նոտար Ալիկ Ավետյանի հետ, եւ նրանք իրենց ուզածով գործն առաջ են տանում: Քույրս անընդհատ սպառնում է, որ ինքը կապեր ունի, իսկ մենք ոչինչ ենք, ու ինքն ամեն ինչ կանի, որ մենք դառնանք բոմժ»,- պատմում է Աշոտը:
Արդեն տեւական ժամանակ Խուդոյանների ընտանիքը վազում է նոտարական գրասենյակից դեպի դատարաններ ու հակառակը, սակայն ապարդյուն: Ամուսինները բազմաթիվ նամակներ են գրել նախագահին, վարչապետին, սակայն ոչ մի արձագանք չի ստացվել: Մեկ շաբաթ առաջ նրանց տուն են եկել ինչ-որ անձինք ու սկսել են չափագրումներ կատարել: Հեղինեի հարցին, թե ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, պատասխանել են` մեզ հրամայել են տան չափագրում կատարել:
Հեղինեն պատմում է, որ ամուսինը վատառողջ է, ֆիզիկական աշխատանք կատարել չի կարողանում: «Եթե մի տեղ սվառկայի գործ է լինում, ամուսինս գնում է, աշխատում: Մենք նպաստով ենք ապրում` 30 հազար դրամ»: Հեղինեն ցույց է տալիս կոշտացած մատներն ու ասում, որ ինքն է մշակում տան դիմացի հողամասն ու դրանով են յոլա գնում, սակայն «Փարոս» համակարգից նրանց զգուշացրել են, որ 2012-ին նրանց կզրկեն նպաստից, որովհետեւ հասցեում գրանցված են ամուսնու մայրն ու մյուս եղբայրը: Աշոտի ընտանիքն այդտեղ բնակվում է, սակայն գրանցում չունի: «Մեզ ասացին նաեւ, որ քույրս սեփականաշնորհել է մեր հողը: Դա էլ են մեր ձեռքից խլում»: Մեր հանդիպման ժամանակ Խուդոյանի մանկահասակ երեք աղջիկները` Հայկանուշը, Լիան եւ Սառան, վատառողջ էին: Մայրն ասում է, որ նրանք մրսել են, հազում են, հարբուխ ունեն, սակայն ստացված գումարը հազիվ բավականացնում է սնունդին: Արդեն մեկ շաբաթ հացադուլ եւ նստադուլ հայտարարած Աշոտ Խուդոյանն ասում է, որ արդեն հոգնել է կյանքից, անարդարություններից. «Եթե իմ տունն ինձ չվերադարձնեն, ինձ վրա բենզին կլցնեմ, կկանգնեմ կառավարության շենքի դիմաց կայրվեմ, թող տեսնեն, թե պետությունը ոնց է վարվում իր քաղաքացիների հետ»:




























