Ավստրալացի գիտնականները Քվինսլենդի համալսարանից կարծում են, որ մարջաններն ամբողջ աշխարհում կարող են ենթարկվել մեծ կորուստների առաջիկա մեկ-երկու տարում սպասվող ուժեղ շոգի շրջաններրի պատճառով։ Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում։
«Մենք ապշեցինք, երբ հայտնաբերեցինք, որ ջերմային սթրեսի պայմանները սկսվել են մինչ այժմ գրանցված բարձրակետերից 12 շաբաթ շուտ եւ պահպանվել շատ ավելի երկար Խաղաղ օվկիանոսի արեւելյան մերձարեւադարձային մասում եւ Կարիբյան ավազանի մեծ մասում։
Պատմական տվյալները վկայում են, որ ներկա ծովային ջերմային ալիքները, հավանաբար, կդառնան մարջանների գլոբալ զանգվածային գունազրկման եւ անհետացման պատճառ հաջորդ 12-24 ամսվա ընթացքում, քանի որ Էլ-Նինյոյի փուլը շարունակվում է»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ուվե Հոգ-Գուլդբերգը։
Գիտնականի խոսքով՝ ստեղծված կլիմայական վիճակը անհետացման լուրջ վտանգի առջեւ է կանգնեցնում ոչ միայն մարջաններին, այլեւ օվկիանոսների ամբողջ տարատեսակության մեկ քառորդ մասին։ Շոգից բացի, մարջանների խութերի վրա բացասական ազդեցություն է գործում նաեւ ծովի ջրի թթվայնության եւ աղտոտվածության բարձրացումը։
Հետազոտողն ավելացրել է, որ շոգի հանդեպ կայունության գեների ներդրման փորձերը մարջանների բնական պոպուլյացիայում բազմախոստում արդյունքներ են տալիս, բայց այդ գործողությունները պահանջվող մասշտաբով իրականացնելը դժվար է լոգիստիկայի պատճառով։




























