Լեհական ոստիկանությունը ուժ է կիրառել բեռնափոխադրողների նկատմամբ, որոնք մտադրվել էին նորից փակել Ուկրաինայի հետ սահմանը Դորոխուսկ անցակետի մոտ, տեղեկացրել է լեհ քաղաքական գործիչ Ռաֆալ Մեկլերը, որը կապված է բեռնափոխադրողների շարժման հետ։
Երկուշաբթի լեհական Դորոխուսկ համայնքի ղեկավար Վոյչեխ Սավան որոշել էր դադարեցնել բեռնափոխադրողների բողոքը սահմանին՝ արգելելով ակցիան։ Բեռնափոխադրողները հայտարարել են, որ զարմացած են այդ որոշման պատճառով եւ մտադիր են շարունակել բողոքել մի ինչ-որ այլ միջոցով։ Լեհաստանում ցանկացած զանգվածային ակցիա պետք է համաձայնեցվի իշխանությունների հետ, եւ քաղաքապետի արգելքը նշանակում է, որ նրանց գործողություններն անօրինական են։
Մեկլերը սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է ոստիկանությունը հեռացնում բողոքողներին ճանապարհից։ Մեկ այլ տեսանյութում երեւում է, որ ակցիայի մասնակիցները ցանկացել են փակել եւս մեկ ճանապարհ, բայց ոստիկանությունը պատնեշ է դրել եւ թույլ չի տվել անկարգությունները։
Մոտ մեկ ամիս առաջ լեհ բեռնափոխադրողները, որոնց ավելի ուշ միացել էին ֆերմերները, փակել էին Ուկրաինայի հետ սահմանի անցակետերը։ Նրանք պահանջում են վերականգնել մինչ այդ հանված թույլտվությունների համակարգը ուկրաինական կոմերցիոն փոխադրողների համար՝ հումանիտար օգնությունից ու ուկրաինական զորքերին անհրաժեշտ մթերքներից բացի, դադարեցնել արտոնությունների գործողությունը այն ընկերությունների համար, որոնք ստեղծվել են Ուկրաինայում 2022թ. փետրվարից հետո, իրականացնել դրանց ստուգում, բաժանել դատարկ եւ բեռնված մեքենաների հերթերը։ Լեհական կողմում բեռնատարների հերթը հասնում է 50 կիլոմետրի։ Հերթերի մեջ արդեն մահացել է երկու ուկրաինացի վարորդ։





























